ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը դեմ է մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը

Արտակ ԴավթյանՕրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուսատամյանն ու Աղվան Վարդանյանը հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները: Երկու տարբեր կուսակցությունների ղեկավարները կարծիք են հայտնել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ներքին միասնություն է անհրաժեշտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ քաղաքական զարգացումները ենթադրում են նաև նմանատիպ հանդիպումներ և այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական որոշակի գործընթացների մաս է կազմում: «ՀՀԿ-ն նման հանդիպումներին շատ նորմալ է նայում: Եվ, եթե դա տանելու է որոշակի հարցերի շուրջ միասնական տեսակետի ձևովարորմանը, տեսակետ, որն իր մեջ դրական լուծումներ է պարունակելու, որևէ վատ բան դրա մեջ չպետք է տեսնել»,- ասաց Արտակ Դավթյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն որոշեցին հանդիպել խորհրադարնից դուրս, չէ՞ որ նրանք այդ հարցերը կարող էին բարձրացնել նաև ԱԺ-ում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այսպես, թե այնպես, մենք ԱԺ-ում տեսնում ենք, որ այդ ուժերը որոշակի միասնական ուժերով են հանդես գալիս, խոսքը նաև վերջին քառօրյայի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելուն է վերաբերում: Բացի ԱԺ ամբիոնից, մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է նաև քաղաքացիական հասարակությունը և, ըստ էության, առաջնորդի դափնին պատկանում է հենց քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին: Միգուցե այս հանդիպումներում որոշակի հարցադրումներ նաև այս ուղղությամբ են արվել: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կունենա այս համախմբումը»:

Անդրադառնալով մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը դեմ է մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն, քանի որ ստեղծվելիք հանձնաժողովը քաղաքական հանձնաժողով է լինելու, իսկ մարտի 1-ի քաղաքական էջը փակված է:

Tags: , ,