«Երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս, միասնական օրակարգով». Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյան«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուսատամյանի, Աղվան Վարդանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները, նշեց, որ շատ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը, որը սկսել է դեռ նախորդ տարվա վերջին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի շրջանակներում:

«Այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են, ավելի գլոբալ են: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը հանդիպեցին: Մարտի 1-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց, դրանից առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց և, եթե արդեն կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ լինեն և միասնական օրակարգով հանդես գալու առաջարկություններ լինեն, շատ լավ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության»  փոխնախագահը նշեց, որ տարիներ շարունակ իրենք ասել են, որ քաղաքացիական, քաղաքական ուժերի և հասարակության միասնական ջանքերով պետք է խնդիրները լուծվեն:

«Մենք միայն միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը: Ներկա դրությամբ  ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ քաղաքական դաշտի կողմից իրավիճակը չի կառավարվում: Մինչ օրս ընդդիմությունը առանձին-առանձին է գործել է, և նրան չի հաջողվել իշխանության ապօրինությունների դեմ քայլեր ձեռնարկել: Առանձին խնդիրներ կարող են Ազգային ժողովում լուծվել, սակայն երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս միասնական օրակարգով»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Tags: , ,