«Չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՄարտի 8-ի նախօրյակին գների հերթական ազդեցիկ թռիչքը եղավ: Օրինակ, 300-400 դրամ արժողությամբ մեկ հատ ծաղիկը այդ օրերին դարձավ 1500 դրամ: Գների կտրուկ բարձրացումը վերաբերում է նաև հուշանվերներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով վերջին օրերի թանկացումները և ծառայությունների ու ապրանքների գները համեմատելով եկամուտների հետ, ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ես բեզարել եմ` ասելով, որ գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է բարձր լինեն գների համեմատ»,- ասաց նա:

Վերադառնալով թանկացումներին` Արմեն Պողոսյանը ներկայացրեց Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտությունները, համաձայն որոնց` մեր մանուկների 15 %-ն ունի թերաճ կամ այլ առողջական շեղումներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ, ինչն էլ դարձյալ թանկացումների հետ ուղիղ համեմատական է:

Ըստ Արմեն Պողոսյանի` պետք է լինի գների զսպման գործընթաց: Օրինակ, Գերմանիայի ղեկավարն ասել է, որ ինքը կարագ չպետք է ուտի, որովհետև կարագ պետք է ուտեն երեխաները և զինվորները։ Արմեն Պողոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր երկրի պաշտոնյա պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ:

«Մենք չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված լինի գնաճը զսպելուն: Եվ թող կառավարությունից ինչ-որ մեկը փորձի մեզ հակառակն համոզել: Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են, իմ գնահատմամբ, կարկատանային քայլեր են»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով տնտեսական ճնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից ստացված 500 մլն դոլար օգնությանը` Արմեն Պողոսյանը նկատեց, որ, թեև դրանով շատ բաներ կարելի էր անել, բայց առյուծի բաժինը գնաց շինարարության վրա: Իսկ այդ շինարարության արդյունքում մենք ունեցանք 80 % դատարկ տներ, այդ գումարը ծառայեց ստվերային շահերին:

Tags: ,