Էդմոն Մարուքյանը նոր կոմիտեի հաջողությունը տեսնում է միայն բոլոր քննչական մարմինների միավորման մեջ, ոչ թե երկու

imagesԽորհրդարանում քննարկվում է «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ քննչական կոմիտեի գաղափարը միասնական քննչական մարմին ունենալն է, որտեղ պետք է միավորվեն բոլոր քննչական մարմինները, բացի հատուկ քննչական ծառայությունից, ինչը նրա կարծիքով ճիշտ է:

Սակայն առայժմ նախագծով նախատեսվում է այդ մարմնում ներառել միայն ոստիկանության քննչական մարմինը և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը: «Այո, լավ է գոնե մեկ քայլ, քան ոչինչ, սակայն ապագան բոլոր մարմինների միավորումն է, և միայն այդ դեպքում այս մարմինը հաջողություններ կարձանագրի,-կարծում է պատգամավորը,-իսկ եթե մենք ապագայում դա չենք անելու, անիմաստ է այս ճանապարհով գնալը:

Էդմոն Մարուքյանը կարևորում է այդ գործընթացում համակարգի լավ մասնագետներին չկորցնելու հարցը: «Այն աշխատողները, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում և սպասել են, որ այդ պայմաններով պետք է գնան թոշակի, պետք է ամեն բան անել, որ պաշտպանվի նրանց իրավունքը՝ գոնե 17 տարի համակարգում ծառայածների դեպքում: Այլապես կոմիտեի ստեղծվելու պահին այդ մարդիկ ուղղակի տարբերակներ կգտնեն մնալու ոստիկանությունում, որի հետևանքով կոմիտեն կկորցնի լավ մասնագետներ ունենալու հնարավորությունը»:

Պատգամավորը բարձրացրեց նաև նոր քննչական մարմնի ստեղծման դեպքում շենքային, ադմինիստրատիվ պայմանների հարցը: «Այս պահին եղած պայմանները բավարար չեն, որպեսզի մենք ապահովենք նախաքննության համար լավ որակ: Նոր կոմիտեի դեպքում այդ ամենք պետք է մնա քննիչների վատ հուշերում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, ապա Մարուքյանը գտնում է, որ այսօրվա գործող քննչական մարզային և համայնքային ստորաբաժանումները, որոնք գտնվում են ոստիկանության շենքերում, պետք է տարանջատվեն. «Եթե դրանք մնալու են ոստիկանության շենքերում, ապա մեր քաղաքացիների աչքին ոչինչ չի փոխվելու: Ես կարծում եմ, որ դրանք պետք է տարանջատվեն»:

Պատգամավորը բարձարցրեց նաև վերանշանակումների հարցը՝ նշելով, որ այն պետք է իրականանա արդարության սկզբունքներով: «Չեմ պատկերացնում, որ օրինակ, մարդը, որ այսօր մարզային ստորաբաժանման ղեկավար է, դառնա սովորական քննիչ: Պրոֆեսիոնալ և վարչական առումով դիրքերը պետք է պահպանվեն: Հակառակ պարագայում կունենանք նույն իրավիճակը, որը կունենանք թոշակների դեպքում, եթե այդ հարցը չկարգավորենք, այսինքն՝ կադրերի հոսք»:

Ընդհանուր առմամբ՝ պատգամավորը հույս ունի, որ միասնական քննչական մարմնի ստեղծումը դրական ազդեցություն կունենա քրեական արդարադատության վրա, ինչն էլ այդ մարմնի ստեղծման հիմնական նպատակը պետք է դառնա:

«Չպետք է անունը փոխենք, բայց բովանդակությունը մնա նույնը: Պետք է և՛ անունը փոխենք, և՛ իրապես նոր մարմին ստեղծենք, որն ազդեցություն կունենա քրեական արդարադատության վրա»,-ամփոփեց նա:

 

Անկախ

Tags: , ,