Փաշինյանն ուզում է, որ Աղվան Հովսեփյանը դառնա գործազուրկ, որ ի վերջո միանա…

Nikol-Pashinyan2ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում “Միասնական քննչական կոմիտեի մասին” օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ սա օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին: “Ազգային ժողովն այսօր ոչ թե օրենսդիր գործառույթ է իրականացնում, այլ ստանձնել է Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ”,-ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում քննչական մարմինները բավականին շատ փոփոխությունների են ենթարկվել, սակայն դրանից համակարգը չի փոխվել: Նա համոզված է, որ այս կառուցվածքային փոփոխությունն էլ որակական փոփոխությունների  չի բերի համակարգում: Որպես համակարգի վատ աշխատանքի օրինակ՝ նա թվարկեց, որ օրինակ, մինչ օրս բացահայտված չեն ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը, մարտի մեկի սպանությունները, Ավետիք Բուդաղյանի սպանությունը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները և այլն:

“Այդ փոփոխությունները, որպես կանոն, ունեցել են ձև, բայց չեն ունեցել բովանդակություն: Ւսկ եթե ունեցել են բովանդակություն, ապա ներիշխանական, ինտրիգային և անձնավորված”:

Փաշինյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին. “Եթե մենք բոլորս դեմ քվերակենք, ապա Աղվան Հովսեփյանն աշխատանք չի ունենա և կդառնա գործազուրկ՝ միաժամանակ դառնալով բավականին երիտասարդ թոշակառու: Այդ դեպքում նա մի քանի ամսից կնկատի, թե ինչ հրեշավոր և կոռումպացված համակարգ է գխավոր դատախազությունը ու միանգամից կդառնա մարդու իրավունքների ազատության համար պայքարող մարտիկ: Ես դեմ եմ քվերակելու, որ Աղվան Հովսեփյանն ի վերջո միանա հանուն պայծառ ապագայի համար մղվող պայքարին: Ի վերջո ումի՞ց է նա պակաս…”:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասաց, որ նրա դիտարկումները լրիվ անտեղի ու անհիմն են, և որ բոլորն էլ գիտեն՝ ով ում գործակալն է:

 

Անկախ

Tags: , ,