Դերասան, տաղանդավոր ու բարի, հոգատար, համով, հոտով, հումորով, լավ մարդ Կարեն Մկրտչյանին փորձում են օգնել բոլորը` ծանոթ, հարազատ, բարեկամ, հարեւան, ընկեր, երկրպագու, անծանոթներ: Հայ հայտնիները սոցիալական ցանցերի, լրատվական կայքերի, զանազան թռուցիկների ու պայքարի ձեւերով հասնելու են իրենց նպատակին, իսկ նպատակը մեկն է` փրկել իրենց ընկերոջ կյանքը: Սիրված դերասանը կորցրել է քայլելու ունակությունն ու գամվել սայլանկին: Երեւան քաղաքի կենտրոնական մասում գրեթե ամեն օր հնարավոր է տեսնել ակտիվիստների կամ ուսանողների, ովքեր փորձում են թեկուզ չնչին դրամներով օգնել դերասանին:
Վերջերս ակտիվիստների կողմից հավաքված հասույթը` 181720 դրամ, օրվա վերջում անձամբ հանձնվեց Կարեն Մկրտչյանին: Միջոցառմանը մասնակցեցին նաև մի քանի շնորհալի երիտասարդներ, ովքեր երաժշտական գործիքների նվագակցությամբ կատարեցին հայրենասիրական երգեր: Դպրոցահասակ երեխաներից մինչև տարեց հասակի մարդիկ իրենց օգնությունը ցուցաբերեցին և առողջություն մաղթեցին Կարենին:
Ակտիվիստ Լալա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դժվար կացության մեջ գտնվող մարդուն անհրաժեշտ է օգնել, կապ չունի, թե նա սիրված ու ճանաչված է, թե ոչ.
ՙՙԱյսօր մարդկությունն է գնահատվում, մարդասիրական արարքը ի վերուստ է տրված, պետք է հոգ տանել, աջակցել, օգնել ու կարեկցել: Ցանկացած մեկի հետ կարող է նման դեպք պատահել, եթե որոշակի գումար տրամադրելով կարելի է օգնել ինչ որ մեկի կյանքը փրկելուն, ապա անհրաժեշտ եւ պարտադիր է դա անել՚՚:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Կարեն Մկրտչյան