Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնա

ամուսնությունԱմուսնությունը մարդու կյանքում տեղի ունեցող կարևորագույն և ամենապատասխանատու իրադարձություններից է:  Գրեթե բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, ինչ-որ ժամանակ երազել են հեքիաթային հարսանիքի,  երջանիկ ու ներդաշնակման ընտանեկան կյանքի մասին:

ՙՙՃիշտ է ներկայում հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց դրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի կոշիկ գողանալը, որը վերադարձնում էին ֆինանսական փոխահատուցում ստանալուց հետո միայն, կամ դուռ բռնելը,  երբ սրով պահում են դուռը` խոչընդոտելով հարսին տնից դուրս հանելը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց պատմաբան Ագապի Հովնանյանը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում էր տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն ի նշան համաձայնության:   Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրությունից մեկ կամ երկու շաբաթ անց:

Պատմաբանի համոզմամբ այժմ հարսանիքից առաջ ընթանում են բանակցություններ հյուրերի քանակի, հարսի շորի եւ այլնի շուրջ. ամեն մի մանրուք կարևորվում է: Հատուկ ուշադրություն է դարձվում հրավիրատոմսերին, քանզի դրանցով ընդգծվում է հրավիրյալ անձի կարեւորությունը:

Սակայն հարսանեկան ճամփորդությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ամուսնացած զույգի սերն ու հարաբերությունները ամրապնդելու համար, այդ պատճառով զույգերը մեծամասամբ նախապատվությունը տալիս են առավել ռոմանտիկ վայրերին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: ,