«Անկախության տարիներից սկսեց դրսևորվել չվերահսկվող ագահության մի երևույթ, որը, ցավոք, մեզ բնորոշ է: Չվերահսկվող ագահությունը դրսևորվեց հատկապես երեք ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, փոքր ՀԷԿ-եր և քաղաքաշինություն: Այդ ոլորտների շարքին հիմա ավելացել է նաև ձկնաբուծությունը»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներից հանքարդյունաբերությանը՝ Կարինե Դանիելյանը նկատեց, որ խորհրդային տարիներին շատ ու շատ բնական ռեսուրսներ պահանվում էին, իսկ հիմա երկրի ընդերքը հերթականությամբ բացում են, անկախ նրանից՝ այդ տարածքում բնակավայր կա, թե ոչ, եթե լինի, ապա բնակավայրը փոխում են, անկախ նրանից՝ այդ տարածքում ջրային ռեսուրսների ձևավորման գոտի է, թե ոչ:
«Հանքարդյուաբերությունը էքստենսիվ անցնում է Հայաստանի ողջ տարածքով և որտեղ ինչ կա բացում»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Անդրադառնալով հաջորդ ոլորտին՝ փոքր ՀԷԿ-երին, բնապահպանը հիշեց, որ, երբ փոքր ՀԷԿ-երի ծրագիրն սկսվեց, իրենք շատ էին ուրախացել, որովհետև դա էկոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագիր էր: Բայց երբ սկսեց իրականացվել, լրիվ հակառակ պատկերը եղավ:
«Այսօր շուրջ 150 փոքր ՀԷԿ ունենք: Գետ կա, որի վրա 5-10 ՀԷԿ կա: Այնպես է արվում, որ էկոլոգիական թողքը չի իրականացվում, այսինքն ջրային կենդանիները հնարավորություն չեն ունենում գոնե մի առվակով շրջանցել ՀԷԿ-ը: Համայնքները ջրազրկվում են, ոռոգման ջրի խնդիր է առաջանում»,- ասաց Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր բնապահպանական խնդիրների դեմ պայքարում են ինչպես էկոլոգները, այնպես էլ բնակիչները:
Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ բնապահպանը նշեց, որ այստեղ այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ մի խումբ մարդիկ կարողանան ավելի շատ հարստանալ:
«Բավական է նայել, թե այս տարիների ընթացքում մենք ինչպես կառուցապատեցինք մայրաքաղաքը: Բարձրահարկ շենքերի 99 տոկոսը զբաղեցնում է մայթերի վերջին սանտիմետրը»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանն անդրադաձավ նաև ոռոգման ջրի խնդրին, որին այսօր բախվել է բնակչությունը:
«Այդ ինչպե՞ս կարողացանք Արարատյան դաշի արտեզյան ջրերը 10-15 տարվա մեջ չորացնել՝ կանգնելով անապատացման խնդրի առաջ: Իսկ հիմա էլ ստիպված Սևանա լճից ջրի բացթողում պետք է անենք: Հիմնական խնդիրը մոտեցման փոփոխությունն է, ոչ թե մի խումբ մարդկանց շահերը»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Tags: բնապահպանություն, Կարինե Դանիելյան