Խորհրդային տարիներին մարդիկ պետական մտածողություն ունեին և հասկանում էին, թե ինչ հետևանք կարող է ունենալ երկրի ընդերքի այսօրինակ թալանը, գիշատիչ մոտեցումը բնությանը: Գնալով երկիրը վերածվում է հանքային թափոնների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ այսօր ռազմավարական նշանակություն ունի ոչ այնքան էլոտրաէներգիան, որքան գյուղատնտեսությունը:
«Մենք սպառում ենք մեր էներգետիկ հզորությունների ընդամենը 60 տոկոսը, իսկ մնացած 40 տոկոսն անգամ չենք կարողանում վաճառել: Մինչ այժմ օրակարգում է մնացել, գնում, հետ է գալիս «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը: Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվում հանքարդյունաբերության թույլտվության ուղղությամբ»,- ասաց Լյովա Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր ոչ միայն բնապահպաններն են ոտքի ելել, այլ նաև բնակիչները: Անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ պատգամավորը նշեց, որ ոռոգման ջուրը վատ վիճակում է, բնակիչները չեն կարողանում նորմալ բերք ստանալ: Ջուրը իր բնական հոսքով չի կարողանում հոսել: Այն մի տեղում հավաքավում է և մինչև մեծ ծավալ ընդգրկի և սելավ առաջանա, մտնում է խողովակներ և վերանում:
«Մենք ցամաքեցրել ենք խմելու ջրի պաշարները, դրան զուգահեռ Սևանից ենք ջուր վերցնում, որ ջրառ կազմակերպենք: 500 մլն ջուր է պետք Արարատյան դաշտավայրում ջրառ կազմակերպելու համար: 1.5 մլրդ ջուր ենք ուղարկում Արաքս, փոխարենը Սևանից ենք ջուր վերցնում»,- ասաց Լյովա Խաչատրյանը՝ հավելելով, որ բնապահպանական խնդիրների մասին իրենք ամբիոնից բարձրաձայնում են, բայց սայլը տեղից չի շարժվում:
ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ մի քանի օրից շրջանառության մեջ կդրվի իր կողմից մշակված «Արարատյան դաշտավայրի ջուրը շրջանառության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը:
Tags: բնապահպանություն, Լյովա Խաչատրյան