“Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի”. վարորդներ

Տիգրան Հովհաննիսյան“Ավտովարորդների պաշտպանության լիգայի” նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ տեսախցիկներից և արագաչափերից դժգոհ վարորդներն այսօր ՀՀ նախագահին նամակ կուղարկեն՝ խնդրելով ներել մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները: Նրա խոսքով՝ կբողոքեն այնքան, մինչև հարցը լուծում ստանա:

“Խնդրի լուծման կապակցությամբ հանդիպել եմ Ճանապարհային Ոստիկանության պետի, նրա տեղակալների հետ: Բոլորը թեև սրտացավ են մոտենում խնդրին, բայց հարցը լուծում չի ստանում: Այսօր ավտովարորդները հայտնվել են սնանկ վիճակում, կոմունալ վճարները չեն կարողանում անել: Ոստիկանությունը խնդիրն ուղարկում է Ազգային Ժողով, որտեղ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ”,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը ևս խնդրով մտահոգ է, և քաղաքապետի հանձնարարականով լրջորեն աշխատում են Երևան քաղաքի կայանատեղիների ավելացման ուղղությամբ: Անձամբ ինքը Նոր Նորքի և Արաբկիր համայնքներում շուրջ 50 կայանատեղ է նշել:
Տիգրան Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքապետարանին շտապողականություն չցուցաբերել խնդրի կապակցությամբ:
“Ոստիկանությունը չի կարող օգնել, դրա համար դիմում ենք ՀՀ նախագահին, որ նա ուղերձով դիմի Ազգային Ժողով` ներելու արձանագրված եռապատիկ և հնգապատիկ տուգանքները: Լուրջ քաղաքականություն պետք է իրականացնել, որ այս ամենը դիտարկվի որպես կարգապահություն, այլ ոչ թե կողոպուտ»,- ասաց բանախոսը:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` մեծ է նաև խախտումների համար սահմանված գումարը, անգամ ԱՄՆ-ում այնքան չէ, որքան Հայաստանում:
Վարորդները ներկայացրին իրենց խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին կայանատեղիների խնդրին: Նրանք նշեցին, որ 200-300 հազար դրամի ակտեր ունեն, որոնք չեն մուծելու, քանի որ ի վիճակի չեն: Եթե նախագահը խնդրին լուծում չտա, անհնազանդություն կսկսվի: Ժողովրդի գրպանն են թալանում, հերի՛ք է:

Անկախ

Tags: ,