«Ղրիմի կոնֆլիկտն անուղղակի ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա». Արա Պապյան

Արա Պապյան«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով` Հայաստանի վրա կլինեն ճնշումներ Ղրիմը ճանաչելու հորդորով: Ղրիմի կոնֆլիկտը անուղղակի ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա:

Ինքնորոշման և տարածքային ամբողջականության հակասություն, ըստ Արա Պապյանի, Արցախի հարցում չկա, որովհետև Ղարաբաղը օրինապես չի եղել Ադրբեջանի կազմում: Ղրիմի փոխացումը մի վարչական մասից մյուսին եղել է օրինական ճանապարհով, իսկ Ղարաբաղը կուսակցական որոշմամբ է տրվել մեկից մյուսին:

Անդրադառնալով Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը` քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը կհայտնվի մեկուսացման մեջ, իսկ Հայաստանը, որպես ռազմական գործընկեր կհայտնվի նույն իրավիճակում:

«Ռուսաստանի մեկուսացումն արդեն սկսված է: Ռուսաստանն արդեն դուրս է թողնված շատ կարևոր միություներից: Մեծ ութնյակն արդեն Ռուսաստանին դուրս թողնելու հայտարարություն է արել: Եթե նավթի ու գազի գները միջազգային շուկայում ընկնեն, հայտնի չէ, թե ինչ վիճակում կհայտնվի Ռուսաստանը»,- ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով Արցախի հարցին` քաղաքագետը նկատեց, որ արցախյան հարցի լուծման համար Ադրբեջանը միայն ռազմական ճանապարհ չէ, որ ունի: Նա նպատակ ունի տնտեսական ճնշմամբ  ու արտագաղթի տեմպերի մեծացմամբ հասնել իր ուզածին: «Հիմա մեր առաջնային խնդիրը տնտեսության զարգացումն է, որովհետև մենք պաշտպանության խնդիր չունենք»,-ասաց Արա Պապյանը:

 

Tags: , ,