Բեկանվել է Խոսրովի անտառում որսագողության աղմկահարույց գործով դատավճիռը.Փաստինֆո

որսագող«Խոսրովի անտառ» պետական արգելոցում որսագողության մեջ մեղադրվող  ամուսիններ Նորիկ Սարգսյանի և Մարինե Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճիռն այսօր բեկանվել է, և գործն ուղարկվել է  նույն դատարան՝  նոր քննության, հաղորդում է Փաստինֆոն:    Հիշյալ մարզային դատարանը 21.05.2013թ. դատավճռով Նորիկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմի նախնական համաձայնությամբ ապօրինի որսը), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և դատապարտել նրան ազատազրկում 2 տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ` նույնքան ժամանակով որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Իսկ նրա կինը՝ Մարինե Գրիգորյանը, մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով` 2 տարի ժամկետով որոշակի գործունեությամբ` որսորդությամբ զբաղվելու իրավունքից զրկմամբ:   Դատավճռով քաղաքացիական հայցվոր` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 37.600.000  ՀՀ դրամ գումարի քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի. Նորիկ Սարգսյանից և Մարինե Գրիգորյանից համապարտության կարգով հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի 9.600.000 ՀՀ դրամ` որպես բնությանը պատճառված վնասի հատուցման գումար: Իսկ քաղաքացիական հայցի մնացած մասը՝ 28.000.000 ՀՀ դրամ գումարը, թողնվել է առանց քննության՝ այն քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով լուծելու համար:    Գործով մեղադրվում են ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը:   Ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Սարգսյանը, օգտվելով «Հայաստանի որսորդների ու ձկնորսների միավորում» ՀԿ-ի անդամ լինելու հանգամանքից և ձեռք բերելով որսորդական հրացաններ, փամփուշտներ և այլ զինամթերք, գործարանային և ինքնաշեն թակարդներ (մետաղյա ճոպաններ), ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ, նախնական համաձայնության գալով կնոջ` Մարինե Գրիգորյանի հետ, խմբում ներգրավելով այլ որսորդների ու որսամսի գնորդների, 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, սիստեմատիկաբար ձիով մուտք է գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, մասնավորապես` Կաքավաբերդի տեղամաս:    Ընդ որում, այդ գործողության անթույլատրելիության մասին նախազգուշացումներ կատարող պետարգելոցի տեսուչներին հակադարձել է ոստիկանության աշխատակից լինելու հանգամանքով (ինչը նրան ապահովել է անձեռնմխելիություն):   Նա, ըստ մեղադրանքի, Կաքավաբերդի տեղամասում և հարակից տարածքներում պարբերաբար կատարել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջովին արգելված վայրի կենդանիների` 42 կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70 կգ մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464 կգ մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` նույն տարածքով հոսող Ազատ գետից 34 կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս:    Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանի և Յաղիա Ներսիսյանի բացահայտումները:   Նրանք «Խոսրովի անտառ» պետարգելոց իրենց հերթական արշավի ժամանակ` 25.09.2012թ., Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ու գորշ արջի գլուխ, նապաստակի մորթի, որսագողության այլ հանցանշաններ՝ ոգելից խմիչքի շշեր, խարույկի մնացորդներ, մետաղյա ճոպանից պատրաստված ինքնաշեն թակարդ՝ ամրացված ծառի բնին, որի կեղևն ու ճյուղերը թակարդն ընկած արջի պայքարի հետևանքով վնասված, կոտրտված են եղել:   Բնապահպանները տեսաձայնագրել են այդ ամենը (սկավառակը կցված է քրեական գործին): Տեսանյութը տեղակայվել է hetq.am ինտերնետային կայք-էջում, հրապարակվել հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով:   Բնապահպանները հետևություն են արել այն մասին, որ «Խոսրովի անտառ» պետարգելոցի հիշյալ դեպքը կազմակերպված է օլիգարխների կողմից: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: , ,