Քիչ առաջ Երևանի Արարատ Կոնյակի–գինու–օղու կոմբինատում ավարտվեց ԱԺ ՙՙՀայ ազգային կոնգրես՚՚ և ՙՙԲարգավաճ Հայաստան՚՚ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։ ՀԱԿ-ից հանդիպմանը ներկա էին Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առջև ծառացած առաջնային խնդիրները:
ՙՙԵրկու ուժերն էլ խոսեցին կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի համախմբման մասին: Ինչ որոշում էլ որ ընդունվի, կլինի չորս քաղաքական ուժերի ֆորմատով, իսկ երկկողմանի հանդիպումները օժանդակող նշաակություն ունեն: Հանդիպման ժամանակ երկու ուժերն էլ արտահայտել են երկրի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ իրենց տեսակետները: Մեզ համար հիմա էլ միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Արդյունքում պետք է ձևավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որը հաշվետու կլինի այդ նույն ժողովրդի առջև: Սրա մեջ ենք մենք տեսնում խնդիրների լուծումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հանդիպումն արդյունավետ էր, քանի որ շատ կարևոր հարցերում երկու ուժերը եկել են համաձայնության: Այս հանդիպումը սկիզբ է դրել համագործակցության շատ արդյունավետ շարունակական զարգացման:
ՙՙԿառավարությանն անվստահություն հայտնելու հարցում չորս ուժերն էլ միակարծիք են: Հարցը որոշվելու է չորս ուժերի ֆորմատով: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը մենք տեսնում ենք որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա լուծել շատ ավելի կարևոր հարց` Սերժ Սարգսյանի իշխանության հեռացում և երկրում դեմոկրատական կարգերի հաստատում: Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա մեր ծրագիրը որքանո՞վ կհամընկնի ԲՀԿ-ի լուծումների հետ, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, առաջիկա քայլերում մենք ունենք փոխըմբռնում՚՚,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ մոտ ապագայում տեղի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ մի խոչընդոտ չի տեսնում ապագայում այդ հանդիպման համար:
Tags: Երևանի Արարատ Կոնյակի–գինու–օղու կոմբինատ, ՙՙԲՀԿ-ՀԱԿ