Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ցուցարարների ու ոստիկանության միջև զանգվածային բախումներ են

էլվան Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների միջամտության հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 15-ամյա Բերքին Էլվանը 269 օր կոմայի մեջ մնալուց հետո այսօր առավոտյան մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: Սա պատճառ է հանդիսացել, որպեսզի ցուցարարները կրկին հավաքվեն քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում և թաքսիմբողոքի ցույց անցկացնեն՝ հիշելով ՙՙԳեզիի՚՚ դեպքերի ժամանակ բոլոր զոհվածներին: Ցուցարարների երթը վերածվել է զանգվածային անկարգության: Ոստիկանությունը զգուշացրել է, որպեսզի հավաքվածները ցրվեն, սակայն դրությունը էլ ավելի է լարվել:

Այս պահին թուրքական ոստիկանությունը փակել է Իսթիքլալ պողոտայի բոլոր մուտքերը: Փողոցում հնչում են ցուցարարների բղավոցները՝ ՙՙԲերքին Էլվանը անմահ է՚՚, ՙՙՈւս ուսի՝ ընդդեմ ֆաշիզմի՚՚, ՙՙՄարդասպան պետությունը պատասխան է տալու՚՚, ՙՙԱմեն տեղ Թաքսիմ, ամեն տեղ դիմադրություն՚՚: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Արցունքաբեր գազին ու ջրաշիթերին ցուցարարները պատասխանել են քարերով ու մահակներով, փողոցի աղբարկղերով ոստիկանների դեմ բարիկադներ կառուցել: Իրավիճակը շարունակում է մնալ լարված, ցուցարարները չեն ցրվում, ոստիկանությունը պատրաստ է ծայրահեղ միջոցների դիմել:

 

Տաթևիկ Սարգսյան՝ Իսթիքլալ պողոտայից հատուկ «Անկախ»-ի համար

Tags: , ,