Խորհրդարանը վավերացրեց Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ ընդհանուր առմամբ իրենք դեմ չեն նախագծի կոնցեպցիային, սակայն քվեարկելու են ձեռնպահ այն պատճառով, որ հեռուստատեսային գովազդի շուկայում տիրում է մեկ մարդու մենաշնորհ` Միքայել Մինասյանի մենաշնորհը:
Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:
Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Այնուհետև քվեարկության դրվեց «Գովազդի մասին» և «Հեռուստատեսութան և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի փաթեթը, որից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հեռուստաընկերություններում վերականգնել թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը որոշակի ժամերի (ժամը 06:00-ից մինչեւ 22:00-ը արգելվում է՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի): Նախագծի հեղինակները կարծում են, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ գովազդատուների կողմից գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:
Սակայն այս փոփոխությանը երեկ խորհրդարանում դեմ արտահայտվեցինՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները:
Քսան րոպե ընդմիջումից հետո ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ վիճահարույց օրինագիծն ընդունվեց, իսկ Աժ ոչ իշխանական ուժերը, ըստ Արծվիկ Մինասյանի, չեն մասնակցել քվեարկությանը:
ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ քվեարկածները ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն են:
Tags: Ազգային ժողով, գովազդի մասին օրենք, ՀԱԿ, հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք, ՀՅԴ