Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին առաջարկվում է Խաղաղության նոբելյան մրցանակի ներկայացնել

Աքրամ ԱյլիսլիՄի խումբ միջազգային հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ներկայացնել 2014թ.-ի Խաղաղության նոբելյան մրցանակի։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մի շարք հասարակական գործիչներ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին դիմում են հղել Նոբելյան հանձնաժողով՝ “Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև թշնամությունը հաղթահարելու հարցում խիզախության համար”։

 

Աքրամ Այլիսլի“Խաղաղ գործընթացը չի կարող դուրս գալ փակուղուց, և այդ կերպ փխրուն խաղաղությունը միշտ կարող է պատերազմի վերածվել։ Միայն հայտնի մարդկանց ձայները կարող են խրախուսել երկու ազգերին ներել միմյանց և ի վերջո հանգեցնել համաձայնության։ Պարոն Այլիսլին բավական խիզախ է եղել, որպեսզի առաջինը անի այդ քայլը ու թշնամուն ձեռք մեկնի։ Մենք վստահ ենք՝ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանել նույն կերպ”,-ասված է Նոբելյան հանձնաժողովին ուղղված դիմումում։

 

Հիշեցնենք, որ 2012թ.-ի դեկտեմբերին Աքրամ Այլիսլին հրատարակել էր իր “Քարե երազներ” վեպը, որը նվիրված է Բաքվում 1989թ.-ին հայերի հալածանքներին և 1918թ.-ին հայերի զանգվածային սպանություններին։ Այլիսլիի խոսքով՝ գիրքը գրել էր դեռևս 2006թ.-ին, սակայն հեղինակը խիզախություն չի ունեցել՝ այն հրատարակելու համար։

 

Ստեղծագործությունն Ադրբեջանում խիստ քննադատության արժանացավ: Հեղինակը զրկվեց “ժողովրդական գրողի” կոչումից և անձնական մրցանակից։

Tags: , ,