Նախընտրական Թուրքիան հայտնվել է հակակառավարական ցույցերի նոր ալիքի տակ

ցույց   Երեկ երեկոյից մինչև ուշ գիշեր Թուրքիայի 32 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված պատանի Բերկին Էլվանի մահվան հետ, որը վիրավորվել էր «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության բացած կրակի հետևանքով: Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ մեծածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում և Անկարայում:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Անկարայի Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի դիմաց, իսկ Ստամբուլում Թաքսիմի հրապարակին հարակից կենտրոնական Իսթիքլալ պողոտայում: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել: Ոստիկաններին մեծ դժվարությամբ է հաջողվել ցրել հավաքվածներին: Այսօր առավոտյան Իսթիքլալ պողոտայում կարելի է տեսնել երեկվա խառնաշփոթի հետևանքները: Փողոցում հարյուրավոր շշեր են, որոնք լի էին պայթուցիկով, շենքերի պատերին հակաիշխանական կոչեր են գրված: Սպասվում է, որ ցույցերը կշարունակվեն նաև այսօր:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մոտ երկու շաբաթ ժամանակ է մնացել և նման զարգացումները կարող են վտանգավոր դառնալ իշխող ԱԶ կուսակցության համար, որը արդեն իսկ մի քանի տոկոս ձայներ է կորցրել: Երեկ սկսված ցույցերը, հնարավոր է, զարգանան «Գեզիի» սցենարով՝ նախընտրական Թուրքիան կանգնեցնելով ներքաղաքական լուրջ բախումների առաջ:

Անկախ

Tags: ,