Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են

օրբելյան արամ2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:

«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ  դրական:

«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:

 

Tags: , ,