Փաշինյանն այն տպավորությունը ստացավ, որ Վոլոդյա Ավետիսյանին դատել են երկրի էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չկատարելու համար

nikol1Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց. «Հայաստանունմ գաղջ մթնոլորտի հաստատման պատճառներից մեկն էլ այն է, որ քրեական հետապնդման լծակներն օգտագործվում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Այդպիսի մի քաղաքական հետապնդման զոհ էլ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է»:

Նա իր հայտարարությունը հիմնավորելու համար ներկայացրեց մի վիճակագրություն, ըստ որի 2013 թվականի կեսերին ազատամարտիկը ակցիաների շարք է սկսել Ազատության հրապարակում, ապա ակցիաները շարունակել կառավարության շենքի դիմաց, որից հետո մի խումբ ազատամարտիկների հետ հանդիպել է վարչապետ Տիգրան Սարսգյանին, սակայն այդ հանդիպման արդյունքները նրան չեն բավարարել և նա իր ընկերների հետ շարունակել է բողոքի ակցիաները: Այդ ամենից հետո ազատամարտիկների խմբի հետ է հանդիպում է տեղի ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ, ըստ Փաշինյանի, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի անունից ուղերձ է փոխանցել Վոլոդյա Ավետիսյանին` դադարեցնելու ակցիաները: «Վոլոդյա Ավետիսյանը չի համաձայնել այդ պայմանին և շարունակել է ակցիաները, որից հետո պաշտպանության նախարարության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, և Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել ու կալանավորվում է խարդախության մեղադրանքով»:

Փաշինյանը սա քաղաքական հետապնդում է համարում նաև այն հանգամանքի պատճառով, որ այդ ամենից հետո, երբ Ազգային ժողովն ընդունեց համաներման մասին որոշում, որը պետք է տարածվեր նաև Վոլոդյա Ավետիսյանի վրա, նա չազատվեց քրեական պատասխանատվությունից, որովհետև համաներման ուժի մեջ մտնելու օրերին նախաքննության մարմինը նրա քրգործում ավելացրեց խարդախության ևս մի դրվագ:

Պատգամավորի հարցին, թե մինչև ե՞րբ է իշխանությունը շարունակելու քաղաքական հետապնդումներ իրականացնել, պատասխանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա փաստեց, որ իսկապես տեղի է ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպում, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որի հիմնական նպատակներից մեկն էլ է այն, որ ուսումնասիրվի իրադրությունը, և համապատասխան առաջարկություններ ներկայացվեն որոշումներ ընդունելու համար, որպեսզի ազատամարտիկների սոցիալական հարցերում որոշակի բարեփոխումներ իրականացվեն. «Մեր պայմանավորվածությունները խախտվել են Վոլոդյա Ավետիսյանի կողմից»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` որևե քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա: Սեյրան Օհանյանը լավ ծանոթ է ազատամարտիկի կենսագրությանը, անցած անապարհին նաև հետպատերազմյան տարիներին, որի ժամանակ նա պաշտոնավարել է` եղել է գնդի հրամանատարի տեղակալ և գումնարտակի հրամանատար. «Ոչ ավելին,-ընդգծեց Սեյրան Օհանյանը,-եթե նա ունենար ավելի հատկանիշներ, նաև պաշտոնական ծառայողական աճով կավելացներ: Սա ասում եմ, որովհետև շատ դեպքերում հնչում են մեկնաբանություններ, որոնք ավելին են, քան տվյալ անձը մարտական գործողությունների ժամանակ ունեցել է: Ինչևէ, նա մեր մարտական ընկերն է, և ես չեմ ուզում նրա ընդհանուր կենսագրությանը կպնել, բայց քրեական գործը հարոցվել է տեղին` ընդ որում այն ժամանակահատվածում, երբ պաշտպաության նախարարության ղեկավարությունը բարեփոխումներ էր իրականացնում զորակոչի արդար իրականավման համար»:

Փաշինյանն արձագանքեց, որ նախարարի պատասխաններից իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վոլոդյա Ավետիսյանի դատել են ոչ թե քրեական օրենսգրքի ինչ որ հոդված խախտելու համար, այլ երկրի էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չկատարելու համար:

Սեյրան Օհանյանը չընդունեց մեկնաբանությունը. «Ես ասացի, որ վիրավորական է հենց իմ համար, որ մեր նախկին սպաները զբաղվում են այնպիսի խախտումերով, որոնց դեմ մեր նախարարությունը պայքարում է»:

 

Անկախ

Tags: , ,