Մեծ Բրիտանիայում մարտի 13-ից ուժի մեջ են մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքի ուղղումները: Այսօրվանից ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող զույգերը կարող են դիմել իրենց հարաբերություններն օրինականացնելու համար: Առաջին հանդիսությունը կատարվելու է 2 շաբաթից` մարտի 29-ին: Բացի այդ, Մեծ Բրիտանիայում հիմա օրինական կհամարվեն նաև թագավորությունից դուրս գրանցված ամուսնությունները:
Անգլիկան եկեղեցին նոր նորմերին երկյուղով է վերաբերվում. վերջին փոփոխությունների հետ կապված, Անգլիայի և Ուելսի եպիսկոպոսներն արգելել են հոգևորականությանը միասեռ ամուսնություններ կնքել: Այս սահմանափակումները վերաբերում են հոգևոր բոլոր դասերին:
Աշխարհի տարբեր երկրներում տարբեր է վերաբերմունքը միասեռականության հանդեպ: Ամենադաժան օրենսդրությունը գործում է Եմենում, Իրանում, Սաուդյան Արաբիայում ԱՄԷ-ում, Մավրիտանիայում ու Սուդանում: Նշված երկրներում համասեռականները մահապատժի են դատապարտված` քարկոծում, մտրակահարում, իսկ Սաուդյան Արաբիայում` թրատում, Իրանում` կախաղան: Իրանում մահապատժի են ենթարկում նման հարաբերությունների դեպքում նույնիսկ 15-ից բարձր անձանց:
Թանզանիայում, Ուգանդայում, Պակիստանում համասեռ հարաբերությունների համար դատապարտում են ցմահ բանտարկության, իսկ Բարբադոսում դրա համար կարող են նույնիսկ զբոսաշրջիկներին դատել: Նիգերիայում դատապարտում են 14 տարվա, գեյ-երեկույթի համար` 10 տարվա, իսկ Թուրքմենիայում ու Ուզբեկստանում ` 2-3 տարվա ազատազրկման:
Իսկ եվրոպական մի շարք երկրներում, որտեղ նույնասեռ հարաբերությունները թույլատրված են, դրա փոխարեն արգելված են ամուսնությունները:
Tags: Բրիտանիա, նույնասեռ ամուսնություններ