Ըստ նախկին պատգամավորի` ոչ իշխանական քառյակը Կրեմլից գրված սցենարի դերակատարն է

ազատ արշակյանՍեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, կա կատարողական կյանք: Ինչ հանձնարարում են քաղաքական դաշտի տերերը, մենք կատարում ենք: Մենք դերակատարներ ենք, իսկ սցենարիստը Հայաստանում չի գտնվում, նա Կրեմլում է: Այսօր լրագրողնեևի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Կրեմլից սցենարը գրվում է, իսկ մեզ մոտ ընտրում են համապատասխան դերակատարներին: Երբ որոշվում է, որ ինչ-որ մեկը պետք է ընդդիմադիր դեր տանի, պետք է տանի:

«Իհարկե, կան մի քանիսը, ովքեր կանոններից դուրս են, նրանք իսկական քաղաքական գործիչներ են և զբաղվում են քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներ կան, որոնց ճակատին գրված է՝ «ես անկարծիք եմ», բայց կանգնում և կարծիք են հայտնում, այնպիսի կարծիք, որն արդեն իսկ հնչել է Կրեմլում: Սրանց կողքին էլ կա ինքնաբուխ սերունդ, որը հենց քաղաքական ընդդիմություն է»,- ասաց Ազատ Արշակյանը:

Ըստ բանախոսի՝  ոչ իշխանական քառյակը կամ «հրաշալի կվարտետն» այն է, ինչը կոչվում է ներկայացում, դերերն էլ բաշխված են ըստ շնորհալիության, դերակատարները չեն կարող սցենարի մեջ փոփոխություն կատարել:

«Քաղաքական պրոցես մանդատակիր ընդդիմության մոտ չկա, կա սցենար»,- ասաց Արշակյանը:

Անդրադառնալով իշխանության գործունեությանը՝ բանախոսը նկատեց, որ իշխանության մոտ վիճակն ավելի վատ է:

«Ես դրական եմ գնահատել  իշխանության՝ դեպի Եվրամիություն գնալու որոշումը, համակրել եմ իշխանության ընտրած քաղաքական ուղղությունը: Բայց իշխանությունն իրեն ընտրողներին մոլորեցրեց՝ հայտարարելով և առանց բացատրության փոխելով իր դիրքորոշումը»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ առաջընթաց է համարում մեր քաղաքական վերնախավի քայլերը Եվրոպայի հետ հարաբերությունները շարունակելու ուղղությամբ:

 

Tags: , ,