Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցում կայացավ ցերեկույթ` նվիրված մեծն հայագետի 92-րդ տարեդարձին:
Դպրոցի սաները հավաքվածներին ներկայացրեցին հատվածներ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքից, ինչպես նաև արտասանեցին ու բեմադրեցին բանաստեղծություններ Չարենցից, Տերյանից, Հովհաննես Թումանյանից, Սայաթ Նովայից:
Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրը մարտի 9-ին էր, սակայն օրը կիրակի էր, և դպրոցի տնօրինությունը նպատակահարմար էր համարել միջոցառումն այսօր կազմակերպել` արժևորելով հայագետի ծնունդը:
«Այն օրվանից, ինչ դպրոցն անվանակոչվեց նրա անունով, որդեգրեց մի պարտավորություն. ամեն միջոցառման, ամեն օրվա հետ տեսնել Իշխանյան անձին, արժևորել` ամեն անգամ վեր հանելով մեկը իր տպագիր գրքերից, անտիպ ձեռագրերից, մենագրություններից, ձեռնարկներից, այնքան շատ է նրա թողածը, որ երբևէ չենք կրկնվելու,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը:- Իշխանյան քաղաքացու, Իշխանյան անձի հիշատակը չի թառամելու, քանի կա Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցը, քանի կա հայ դպրոցը: Այն միշտ վառ է մնալու և հարատևելու է դարեր»:
Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, դիմելով ցերեկույթի մասնակից աշակերտներին, ասաց. «Այնքան երջանիկ եմ զգում, որ տեսնում եմ, թե ինչ հրաշալի սերունդ է մեծանում: Ուզում եմ ապրեք այն երկրում, որի մասին երազել ենք: Հույս ունեմ, որ լույս է բացվելու մեր երկրի վրա, մի քիչ էլ դիմացեք»:
)
Tags: դպրոց, կրթություն, Ռաֆայել Իշխանյան.