Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` ըստ որի Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնողը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունն է լինելու:
Քիչ առաջ նախագծի վերաբերյալ ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրինագիծն ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է. «Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում: Կառավաությունը և Երևանի քաղաքապետարանը, որն արդեն իսկ հայտարարել է, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև: Ինչպես գործող օրենքում, այնպես էլ ԱԺ-ին ներկայացրած նախագծով, նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ: Ապրանքները կարող են թանկանալ, էժանանալ, ուստի տարին մի քանի անգամ ուղեվարձը փոխելն անընդունելի է: Եթե մարդը հարյուր դրամով է շահել մրցույթը, պետք է ասի, որ հինգ տարի այդ հարյուր դրամը լինելու է անփոփոխ: Եթե կպարզվի, որ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի, թող հայտարարվի նոր մրցույթ: Եթե պարզվի, որ ոչ մի ընկերություն չի ուզում հարյուր դրամով սպասարկել, հարցը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը: Մի բան հստակ է` քանի դեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու իր խմբակցության հետ հանդիսանում է քաղաքային իշխանություն, Երևանում ուղեվարձը փոխվել չի կարող, քանի որ Երևանի քաղաքապետ, գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Այսպիսով, թե’ Տարոն Մարգարյանը, թե’ ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ, Երևանում տեղի կունենան արտահերթ ավագանու ընտրություններ, քաղաքացիներն էլ նորընտիր ավագանու հետ քննարկեն ուղևորափոխադրման գնի հարցը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Tags: աժ, Երևանի քաղաքապետարան, նիկոլ փաշինյան, տրանսպորտի ուղեվարձ