«Տոնուս Քոնսթրաքշնս»-ից տուժած շահառուները սպասում են նախագահականի պատասխանին

 «Տոնուս Քոնսթրաքշնս»Դեռևս 2006-ին «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր կնքած 140 քաղաքացիներ վերջերս պարզել են, որ իրենց բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում: Ընկերությունը չի կարողացել գրավի դիմաց պարտքը վճարել, բանկն էլ իր հերթին չի թույլատրում շենքը հանձնել բնակարանատերերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ Արթուր Իսպիրյանը, որը ևս խաբված բնակարանատերերից է, նշեց, որ իրենք ուր ասես դիմել են, սակայն ապարդյուն: Իրենց քրտինքով աշխատել են, ամբողջությամբ վճարել են բնակարանի համար, սակայն չեն կարողանում ստանալ այն:

«Մենք բնակարանի համար վճարումները հենց «Արցախբանկ»-ում ենք կատարել, սակայն «Արցախբանկը», այնուամենայնիվ, իմանալով, որ դրանք այլ անձանց են պատկանում, գրավ է վերցրել շենքերը»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Արդեն 8 ամիս է Դավիթաշեն համայնքում և Փափազյան փողոցի վրա կառուցվող 3 շենքերի բնակիչները դատարանում պայքարում են իրենց բնակարանները հետ բերելու համար, բայց ապարդյուն, դատարանում որևէ վճիռ չի կայացվում:

«Բանկի կողմից առաջարկ է եղել, որ հավելավճարներ տան շահառուները, հետո նոր միայն բնակարանները հանձնվեն նրանց, սակայն գումարի չափը չի նշվում: Երբ դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարությանն ու այլ պետական հաստատությունների, մեզ ասացին, որ իրենք պատասխանատու չեն, բոլորն ասում են՝ մեր գործը չի, հիմա ի վերջո ո՞վ է այս երկրի տերը»,- ասաց Արթուր Իսպիրյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, մոտ 40 բնակիչ ստացել են իրենց բնակարաների վկայականները, իսկ երբ հերթը հասավ իրենց, ասացին, որ «Տոնուսը» սնանկ է ճանաչվել:

«Հուսանք, որ երկրում արդարություն կա և որ հարցը լուծում կստանա: Նույնիսկ նորավարտ իրավաբանը կարող է երկու ժամում հանգուցալուծում տալ խնդրին»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Շենքի շահառուներից Զոյա Պետրոսյանի խոսքով՝ ամեն տեղ բողոքել են, գրել են, դիմել են նախագահին, աշխատակազմը խոստացել է խնդրին լուծում տալ:

«10 տարի է խաբված ենք: Ինչո՞ւ պետք է մեր տարիքի մարդիկ դուրս գան, կանգնեն փողոցներում այն դեպքում, երբ գումար են տվել, տուն են գնել»,- ասաց Զոյա Պետրսյանը` համոզմունք հայտնելով, որ «Արցախբանկը» Աշոտ Տոնոյանի հետ ի սկզբանե հանցավոր համաձայնության է եկել: Շահառուները մի ամիս սպասելու են նախագահականի պատասխանին, հետո նոր միայն որոշելու են իրենց հետագա անելիքները:

 Անկախ

Tags: , ,