Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմեն, ում անունը Ադրբեջանի արտգործնախարարությունը ներառել էր “անցանկալի անձանց” ցանկում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, խնդրել է հանել իր անունն այդ ցանկից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը;
Աբդուլլաևի խոսքով՝ Կլիմկեն իր դիմումում նշել է, որ 2013թ.-ի սեպտեմբերին ԼՂ կատարած այցը նախապես պլանավորված չի եղել, և ինքը չի իմացել այն հետևանքների մասին, որոնք կարող էին ծագել այցելության պատճառով։
Բունդեսթագի գերմանացի պատգամավորը ընդգծել է, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ափսոսում է “օկուպացված տարածք կատարած անօրինական այցի” համար։ Նա խոստացել է հետագայում զերծ մնալ նման քայլից, և խնդրել է իր անունը հանել “անցանկալի անձանց” ցանկից։
Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ընդգրկվել են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որոնցում ներառվել է 335 օտարերկրացի: Հետագայում նրանցից ոմանք “զղջացել” են իրենց այդ քայլի համար, և այդ մարդկանց անունները հանվել են այդ ցուցակից:
Tags: ԱԳՆ, ադրբեջան
