«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Արտակ ՇաբոյանԲազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Պարզվել է, որ ընկերությունները ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել: Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն  իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն, մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ընկերությունների այս գործելաոճն անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություն և ստիպված են դրա համար վճարել: Բացի այդ, դա հակաօրինական է:

«Համաձայն  էլոկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրության պահանջների` երբ ինտերնետային ծառայությունները կասեցվում են, ապա պետք է կասեցվի նաև վճարների հաշվարկումը: Այս հարցը մենք քննարկել ենք երեք խոշոր օպերատորների հետ: Որոշակի պատճառաբանություններ ներկայացվել են, սակայն մեր կարծիքով` դրանք հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բարձրաձայնվում, համընդհանուր բնույթ է կրում, խնդիրը առավելապես վերաբերվում է քաղաքացիների և ընկերությունների միջև պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշեց այս անգամ խստորեն զգուշացնել այս ընկերություններին և հանձնարարել փոխել նման գործելաոճը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Tags: , ,