«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել 15 մլն դրամի չափով

վեստաԱյս  կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն  է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը այս  և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 15 մլն դրամի չափով և հանձնարարել անհապաղ վերացնել խախտումները:

 

Tags: ,