“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ այս քառօրյայում իշխանության ողջ ուշադրությունը սևեռված էր խորհրդարանական չորս խմբակցությունների համագործակցությանը, և որ իշխանությունն ամեն ինչ անում է դա խոչընդոտելու համար:
«Ես հասկանում եմ իշխանությունների մտահոգությունը, որովհետև անկախ նրանից, թե այս չորս խմբակցություններին ինչ ձևակերպումներ կտան, և թե ինչի շուրջ նրանք կհամագործակցեն` ամբողջական իշխանափոխությա՞ն, թե՞ առայժմ կառավարության հրաժարականի պահանջի, մեկ է` իշխանությունները լավ հասկանում են, որ այս չորս ուժերի համագործակցության արդյունքում տեղի է ունենալու իշխանափոխություն»,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը ցավում է, որ հասկանալով դա, իշխանությունն առայժմ որևէ “մեսիջ” չի ուղարկում, որ պատրաստ է համակարգային փոփոխություններ իրականացնել և ամեն կերպ ձգտում է պահել համակարգը:
Միաժամանակ, Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ կառավարության հրաժարականն ինքնանպատակ կլինի, եթե ռեալ, համոզիչ այլընտրանք չներկայացվի այլ ուժերի կողմից, որոնք պահանջում են կառավարության հրաժարականը, և եթե կառավարության հրաժարականին չհաջորդի այդ այլընտրանքի գոյությունը:
Պատգամավորը, բերելով Ուկրաինայի օրինակը, նշեց, որ կառավարության հրաժարականի ընդունումից երեք օր հետո Յանուկովիչը փախավ երկրից: «Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ դա առաջին կարևոր քայլերից մեկն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանափոխությունը»:
Նա նաև նշեց, որ իշխանական չորս խմբակցությունների քաղաքական օրակարգում այն հարցերն են, որոնք նախևառաջ բարձրացնում է հասարակությունը` պարտադիր կենսաթոշակային համակարգ, գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում և այլն:
Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ին որպես այլընտրա՞նք պետք է ընկալել, թե որպես ընդդիմություն` Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ինձ համար էական չէ, թե որ ուժն իրեն ինչպես կանվանի: Վերջին 3-4 ամիսների ընթացքում, երբ սկսվեց միասնական օրակարգ ձևավորելու գործընթացը, ԲՀԿ-ն իրեն դրսևորում է որպես ընդդիմադիր կուսակցություն: Իսկ թե հետագայում ինչ կլինի, պատասխանատվություն չեմ վերցնում ասել: Համենայնդեպս, ԲՀԿ ներկայիս գործունեությունը ես գնահատում եմ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեություն»,-ամփոփեց պատգամավորը:
Tags: Ազգային ժողով, բհկ, ժառանգություն, Ռուբեն Հակոբյան
