ՏՄՊՊՀ-ն արգելեց Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերության միավորումը

ՏՄՊՊՀ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընթացիկ տարում հանձնաժողովն առավել խիստ վերահսկողություն է սահմանել համակետրոնացումների վերահսկողության նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է` թույլ չտալ  նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների՝ միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը:

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել Շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և  խնդրում է Հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ Շվեյցարական «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն-ով ձեռք բերել հայկական ընկերությունը:

«Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեցարական ընկերությունը չունենալով միջոցներ ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնելուց: Կա’մ տնտեսվարողները չեն ցանկանում իրական շահառուին բացահայտել, կա’մ էլ սա կեղծ գործարք է»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց արգելել համակենտրոնացումը, քանի որ առքուվաճառքի գործարքի մասնակիցները չցանկացան իրական գնորդին բացահայտել:

Tags: