«Իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը». Աղվան Վարդանյան

Aghvan-Vardanyan23-e1344442118308Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, և ներքին բոլոր ձախողումներն ու հետընթացները, վստահության, հույսի  բացակայությունը պայմանավորված են այս իշխանություններով և այս կառավարության գործունեությամբ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ ոչ իշխանական չորս ուժերը ոչ միայն պարզապես պահանջելու են կառավարության հրաժարականը, այլև ներկայացնելու են, թե ինչ քայլեր ու բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նախորդի սխալները չկրկնի:

Պատգամավորի խոսքով` իրենք չեն ելնում միայն հեռացնելու, վատը տեսնելու, թշնամանքի տեսանկյունից, այլ ելնում են երկրի վիճակից ու երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից, և հենց դա է պատճառը, որ հիմա աշխատում են մշակել ու համաձայնեցնել հետագա գործողությունների ծրագիր:

“Մենք ելնում ենք նաև խելամտության կանխավարկածից և կարծում ենք, որ գիտակցությունը և դժգոհության հնարավորությունը կարող է նաև քաղաքական շրջանակներից դուրս այնպիսի զարգացումների բերել, որ իշխանությունները պետք է լրջորեն մտածեն”:

Աղվան Վարդանյանը տեսնում է, որ այսօր հասարակության մեջ, իշխանությունն ընդունի թե ոչ, կա մեծ ընդվզում, դժգոհություն և բողոք. «Իրենք էլ թարսի նման ամեն քայլով ավելացնում են այդ դժգոհությունը: Քիչ էր, իբր, կուտակայինը, գազի հարցը, Մարտի մեկ-ի հարցը, մյուս խնդիրները, վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտ մտցնել, որը խելամտորեն մի քանի ամսով հետաձգեցին, կամ էլ հիմա հետքայլ են անում, թունդ ալկոհոլային խմիչքների գովազդն են թույլատրում հեռուստատեսությամբ, այսինքն, իշխանություններն ամեն կերպ գեներացնում են հասարակության դժգոհությունը»:

Աղվան Վարդանյանը նաև վստահ է, որ առանց հասարակության աջակցության, քաղաքական ուժերի միավորումն արդյունք տալ չի կարող:

Անդրադառնալով իշխանական կուսակցության ներկայացուցչի այն հայտարարություններին, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ խոշորացման` միավորվելով ԲՀԿ-ին, նա ասաց, որ պատրաստվել է արձագանքել այդ մենկաբանությանը, սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մոտեցել է իրեն և ասել, որ թյուրիմացություն է եղել, և որ լրատվամիջոցները սխալ են ներկայացրել այդ միտքը` ինքը դաշնակցության հասցեին նման բան չի ասել: Երբ Աղվան Վարդանյանը կոնկրետ լրատվամիջոցի օրինակով ներկայացրել է նրա խոսքերը, Շարմազանովը նույն օրը հերքում է տվել, որ Դաշնակցությանը նկատի չի ունեցել:

 

Անկախ

Tags: , ,