Ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կդադարի պահանջել իշխանության հրաժարականը. եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ…

arm139151305227ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար ակնհայտ է, որ իշխանության համար այսօր ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ. «Պրոբլեմներ կան և´ իշխանական բլոկում, և´ հանրապետական կուսակցության ներսում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավորը:

Դա հաստատելու համար նա երկու օրինակ բերեց միայն վերջին քառօրյայից` Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և գովազդի մասին օրենքում փոփոխություն անելու հարցերի քվեարկության ժամանակ. «Ելույթ էին ունենում Մարտի 1-ի հանցագործության, հանցագործների պատժելու օգտին, բայց դեմ քվեարկեցին. պարզ հակասություն ասածի և արածի միջև: Մեկ հրահանգով` էսպես հեզիկ-նազիկ երեխայի նման ենթարկվեցին: Բայց իրենք կոմպլեքս են ապրում, դժվարություններ են ապրում, խոսակցություններ են ունենում իրենց ներսում, և այդ ամենն իր ազդեցությունը թողնելու է»:

Արամ Մանուկյանը վստահ է, որ անգամ իր ելույթներն են որոշակի ազդեցություն թողնում հանրապետական պատգամավորների վրա. «Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել և զգում եմ մարդկանց արձագանքը: Մեծամասամբ դրական է արձագանքը, ուղղակի իրենք  գտնվում են շատ լուրջ ճնշման տակ և չեն կարող քվեարկել այնպես, ինչպես մտածում են»:

Պատգամավորը հույս ունի, որ կգա մի ժամանակ, երբ հանրապետական շատ պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն հրահանգներ կատարելուց:

Խոսելով ՀԱԿ-ի կողմից կառավարության հրաժարականի պահանջի մասին` նա նշեց, որ իրենց ծրագրային դրույթն ու հիմնական քաղաքական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, սակայն այս պահին չորս իշխանական ուժերի համար ընդհանուր է կառավարության հրաժարականի պահանջը: Միաժամանակ ՀԱԿ պատգամավորը գրեթե համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի գնա այդ պահանջի կատարմանը:

Իսկ ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կհրաժարվի իր թիվ մեկ նպատակից: Ըստ Արամ Մանուկյանի. «Եթե կարողանա մեր երկիրը գնալ համակարգային ռեֆորմների և մեկ հատ ընտրություն անցկացնի, որտեղ քաղաքացին կզգա, որ իր քվեով պատգամավոր կամ նախագահ է ընտրվել: Եթե «լֆիկները» դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ, արտագաղթը դառնա ներգաղթ, և եթե երկրի բոլոր խնդիրները լուծվեն, ինչն իհարկե հեքիաթի ժանրից է…»:

Tags: , , ,