Բալասանյանն ասում է՝ գիշերը ցերեկ դարձնել հանուն գյումրեցիների

գյումրիԱրդեն տևական ժամանակ է Գյումրու երկրորդական փողոցներում ցեխադաշտերը չեն նահանջում: Բնակիչները շարունակում են բողոքել ու բողոքել: Մոտ տաս օր առաջ քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքում ստեղծված արտակարգ դրության մասին խորհրդակցություն էր հրավիրել: Այսօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը:
«Այս տաս օրվա ընթացքում ոչ մի գործ չարվեց: Փորձեցինք անել, բայց եղանակային պայմանները թույլ չտվեցին: Հիմա շատ փողոցներ չորացել են, շարժվելու հնարավորություն կա, թեև ջրափոսերը դեռ մնում են: Նման իրավիճակ Գյումրիում երկար տարիներ չէր եղել: Համբերատարությանն էլ չափ կա: Եթե պետք է գիշերն էլ աշխատենք», – դիմելով ջրաշինարարներին նշեց Սամվել Բալասանյանը:
Նախորդ հանդիպմանը քաղաքապետը 10 օր էր տվել, որպեսզի քաղաքը մաքրեն ցեխից: Կենտրոնական փողոցներում քիչ թե շատ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց երկրորդականներում իրավիճակը «կայուն ծանր է»:
«Հայջրմուղկոյուղու» տնօրենի տեղակալ, ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, քաղաքապետին վստահեցրեց, որ երկուշաբթիից սկսած շինարարական կազմակերպությունները զբաղվելու են և շինաշխատանքներով, և քաղաքի մաքրմամբ:
«Դարոժնիկ» ՍՊԸ տնօրեն Արարատ Հովհաննիսյանն ասում . «Անհարմարություններ լինելու են, 120կմ միայն մեր կազմակերպությունն է խողովակներ անցկացնելու, պատկերացրեք՝ 120կմ քաղաքում քանդելու ենք: Մոտ 10 բրիգադ է աշխատելու, որպեսզի 10 փողոց միանգամից մտնենք, արագ կարողանանք, մինչև հոկտեմբեր, վերջացնել աշխատանքները»:
Նա ժողովրդին կոչ արեց ներողամիտ լինի, չէ՞ որ վերջապես պետք է մաքուր ջուր ստանան: Սամվել Բալասանյանն այստեղ ընդհատեց. «Մեր ժողովուրդը 88 թվականից էլ համբերում է, տնակներով էլ, ամեն ինչով էլ համբերում ենք: Բայց համբերության բաժակը լցվել է: Բոլորն ինձ են ասում՝ պարոն քաղաքապետ, էս ի՞նչ եղավ մեր քաղաքի հետ: Ես միայն ուզում եմ, որ ամեն ինչ կանոնակարգված լինի, այնպես չստացվի՝ մի փողոց փորենք, հետո շաբաթներով այդպես մնա»: Նա քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետին հանձնարարեց ամեն գնով գոնե մաքրել կենտրոնական փողոցներ հասած ցեխը. «Ամբողջ ցեխը երկրորդական փողոցներից լցվել է կենտրոնական փողոցներ, մինչև հրապարակ է հասել: Հիմա հենց քամի է բարձրանում, մենք արդեն փոշու խնդիր ենք ունենում: Դա գիշեր լինի, երբ լինի, հանեք ամբողջ տեխնիկան, չունեք, ասեք ինչ է պետք գնել բերել, որպեսզի կարողանաք ջրցաններով, ձեր ունեցած հնարավորություններով մաքրել ասֆալտի վրայի ցեխը:

Անկախ

Tags: ,