Աշխարհում և Հայաստանում, կարծես թե, հակահայկական ինտերնացիոնալ է առաջացել: Համառորեն ուզում են ապացուցել, որ Ղրիմի և Ղարաբաղի կայացման ընթացքների միջև նմանություններ չկան: Մինչդեռ Մոսկվան արտագրել է ԼՂՀ կայացման ընթացքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի` և’ առաջին, և’ երկրորդ դեպքում փորձ է արվում վերացնել մի անարդարություն: ԼՂՀ-ն այն ժամանակ կամայականորեն Ստալինի որոշմամբ հանձնվեց Ադրբեջանին, Ղրիմը Խրուշչովի կողմից նվիրվեց իր մայր հայրենիքին, և չենք կարող ասել, որ նրա արարքի մեջ դիտավորություն չկա:
«Դասական իմաստով` Կրեմլը Ղրիմի հարցում ժողովուրդների իրավահավասարության իրավունքն է կիրառում: Պետք է այս ամենը ողջունել և փորձել այս ճանապարհին օգուտներ քաղել»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ապա քաղաքագետը համեմատություններ անցկացրեց Կոսովոյի և Կարսի միջև` նշելով, որ Կոսովոն ինքնորոշվել է սերբերի հայրենիքի սրտի մեջ ալբանացիերի կողմից: 1921-ին երբ, Կարսը նվաճվեց և նվիրվեց թուրքերին, կոտորված, ոչնչացված հայությունից հետո անգամ թուրքերը հանրաքվե անցկացրեցին` դրա թուրքական պատկանելությունն ապացուցելու համար:
«Ղրիմի հանրապետության կայացումը բացարձակորեն ուժերի հարաբերակցության տարբերությամբ, կրկնում է ԼՂՀ կայացումը: Իրավական դաշտում նույն գործընթացն է կրկնվում: Տարբերությունն այն է, որ Հայաստանը միջուկային զենք չունի և դրա պոտենցյալն էլ չունի»,- ասաց Լևոն Շիրինյանը` առաջարկելով, որ չճանաչված կամ կիսաճանաչված Հարավային Օսիայի, Ղարաբաղի, Աբխազիայի և ներկայումս կայացող Ղրիմի ժողովուրդները ստեղծեն աշխարհի չճանաչված ժողովուդրների կոնֆեդերացիա:
Tags: ասուլիս, ԼՂՀ և Ղրիմի առնչություններ, Ղրիմի հարց
