Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը

download (1)ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ այսօր, ըստ էության, խոսքն այս կամ այն պետության կամ պետությունների խմբի հարաբերությունների մասին չէ, այլ քաղաքակրթական առաջընթացի կամ հետընթացի:

«Մեզ համար պետք է հստակ լինի` մենք ոչ միայն դերակատարություն չունենք, այլև ստանձնել ենք բացասական ինքնակործան դերակատարություն: Հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է, անկախ Հայաստանի «իշխանավորների», մեղմ ասած, անիրազեկության և պարզապես ծախվածության պատճառով: Այսօր Ուկրաինան դարձավ լակմուսի թուղթ: Աշխարհի մի կողմում ունենք լույս, մեկում` խավար, բարեբախտաբար վերջին շրջանում լույսը, լուսավորն իր տեղն ամրապնդեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Բանախոսի համոզմամբ` որպեսզի Հայաստանը կայանա, պետք է նախ հրաժարվի այն ամենից, ինչ նախորդել է իր անկախության կորստին. իսկ իր անկախությունը Հայաստանը կորցրեց մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով:

«Քսան տարի անց պարզվում է` դա ոչ թե անիրազեկություն էր, իրականության սխալ պատկերացում, այլ նպատակաուղղված ազգադավ քաղաքականություն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ մարտի 16-ին մտադիր էր նամակ-կոչ հանձնել ՌԴ դեսպանությանը, սակայն հաշվի առնելով, որ կիրակի է, հնարավոր է` հրաժարվի այդ մտքից. ԱԻՄ-ականները դեռ քննարկումներ են ունենալու:

Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը, մինչդեռ իրեն ասում են` Հայրիկյանը մեծամիտ է:

Ըստ ԱԻՄ առաջնորդի` վերջին տասնամյակում հայ ժողովրդի կյանքում ոչ մի դրական բան չի եղել առանց ԱԻՄ մասնակցության. ԱԻՄ-ով ամեն ինչ սկսվում է և վերջանում: ԱԻՄ-ը դեռ 2004-ից ասում էր, որ ձգտում են Հայաստանի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալուն, ոչ թե Եվրոպայից միայն այլանդակությունները վերցնելուն, մինչդեռ հիմա միայն այդ այլանդակություններն են վերցնում:

Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը, ըստ բանախոսի, կողմ է ԵՄ հետ հարաբերություններին, միայն բթացած 40 տոկոսն է առայժմ դեմ, իսկ իրենց պայքարը հատուկ նպատակ ունի` ցույց տալ այդ 60 տոկոսին, որ իրենք կան, նրանց կողքին են, գուցե մի օր այդ 60 տոկոսը հասունանա:

«Մաքսային միությունը ռուսական շովինիզմի հավակնությունն է, սակայն Եվրոպան ևս իրեն ստոր պահեց, նա պիտի սեպտեմբերի 3-ից հետո ասեր` ինչ ասել ես, մեզ չի հետաքրքրում, ոչինչ չես ստորագրել, արի, մեզ հետ պայմանավորվածություններդ կատարիր, բայց նա միայն հայտարարությունը հիմք ընդունեց և ետ կանգնեց, այսինքն` առանձնապես «մտքին չկար» »,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Tags: , , ,