Նախարարը տուն էր բերել ԼՂՀ-ում ծառայող գյումրեցի զինվորներին

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԱյսօր Գյումրի էր ժամանել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նախարարը Հայաստանի մշակութային մայրաքաղաք էր եկել 123 զինվորների և բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի, ԼՂՀ զորամասերում ծառայող շիրակցի զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպումը:

 ԼՂՀ,գյումրեցի զինվորներԻր ելույթում նախարար Մովսես Հակոբյանը նշեց, թե ինչպիսի խիզախ տղաներ են Շիրակի մարզի զավակները, ինչ օրինակելի զինվորներ են. “Մենք փորձում ենք մեր պետության ամենափոքր բջիջը` դա ընտանիքն է, հզորացնել: Եվ նման լավ ծառայող զինվորների ծնողներին այստեղ բերել մեծարելը հենց այդ նպատակն է հետապնդում: Իսկ ինչու առաջին անգամ ու Գյումրին` որոշել եմ այդպես, որովհետև մեր բոլոր կարևոր միջոցառումները պիտի սկսենք այստեղից. Առաջինը, որ հայ ժողովրդի մշակութային կենտրոնն է և սա հենց մշակութային միջոցառում կարելի է համարել: Երկրորդ` Գյումրին սահմանակից է Թուրքիային և այստեղ ժողովրդին ևս պետք էպատրաստել, որպեսզի հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդն էլ կարողանա այստեղ ներկա գտնվել և իրաջակցության ձեռքը մեկնել, և երրորդը` Շիրակն ամենամեծ մարզն է ու ամենաշատ զորակոչն այստեղից է: Անպայման կպլանավորենք և բոլոր մարզերում էլ սա կիրականացնենք”:
Օգտվելով առիթից ԵԿՄ Շիրակի մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարից խնդրեցի` զինվորներին թույլ տալ մի հինգ օր վայելել ընտանեկան ջերմությունը:
Սակայն քաղաքապետն ու ազատամարտիկը բնավ էլ անակնկալ հարց չէին բարձրացրել, որի մասին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. “Այդ հինգ օրվա մասին որ խոսում էիք` նախարարն ասաց, որ ինքն այդ տրամադրությամբ էլ եկել է”, – ապա անդրադառնալով օրվա յուրօրինակությանը շարունակեց. –“Սա մի նոր ու բովանդակալից միջոցառում է, որի բոլոր մասնակիցների գլխավոր նպատակը մեր երկրի հուսալի պաշտպանությունն է: Վստահ եմ, որ բանակ և ընտանիք կապի ամրապնդումը զինվորների և նրանց ծնողների համար դառնալու է ոգևորության, կարոտի ու սպասման պահեր: Հերթական անգամ հպարտությամբ են լցվելու այն ծնողների սրտերը, որոնց զավակները զինվորներ են, աչքի են ընկել ծառայության մեջ այնքան, որ հրամանատարը որոշել է բերել ծնողներին տեսության: Որքան պիտի սիրի ու հարգի հրամանատարն իր զինվորներին, որ հոգսաշատ, լարված առօրյայից ժամանակ գտնի նման այցելություն կազմակրպելու համար”:
Հանդիպմանն իր օրհնությունը բերեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: “Ես շատ հպարտ եմ, որ Շիրակի մարզի զինվորները լավ են ծառայում, խիզախ են: Եվ անշուշտ, իմ շնորհակալությունը գնում է դեպի մեր մայրերը, որ առյուծ են դաստիարակել, ոչ թե աղվես: Ես շնորհակալություն եմ հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, որ մեր երիտասարդներին այդպես հայրական հոգացություն են ցուցաբերումում, տղամարդ են դաստիարակում, զինվոր են դաստիարակում”, – իր խոսքում նշեց սրբազանը:
Մովսես Հակոբյանն անձամբ բոլոր 123 զինվորների ծնողներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ Շիրակի մարզպետի կողմից նախարարը նվեր ստացավ Աստվածաշունչ, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր զինվորներին նվիրեց վերջերս լույս տեսած “Գյումրի” գիրքը, զորամասերից մեկը նվեր ստացավ ձայնասյուներ, իսկ պաշտպանության նախարարը` Գյումրվա մուշուրբա: ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով մարզի մի շարք արցախյան ազատամարտիկներ պարգևատրվեցին պաշտպանության բանակի հուշամեդալով, իսկ ովքեր հաշմանդամության պատճառով ներկա չէին հանդիպմանը, նախարարն անձամբ գնաց նրանց տները` մեդալները հանձնելու:

Tags: , , ,