Շիրակի մարզի 123 ընտանիքներում այսօր յուրատեսակ ուրախություն է. հնգօրյա արձակուրդ են ժամանել ԼՂՀ բանակում իրենց զինվորական ծառայությունը կատարող զինվորները: Ծնողները տեղյակ էին, որ անձամբ Արցախի պաշտպանության նախարարն է գալու երեխաների հետ, բայց շատ քչերը գիտեին, որ դա սոսկ հանդիպում չէր, այլ տղաները եկել էին արձակուրդ:
Իրադարձությունն ինքնին եզակի էր, քանի որ նման բան առաջին անգամ էր կատարվում ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում:
“Ե’վ պատերազմի ժամանակ, և’ այսօր էլ Շիրակի արու զավակներն իրենց պարտականությունը կատարում են մեր հայրենիքի ամենից կարևոր մասում` Արցախում: Այսօր պետք է Արցախին, որպեսզի ողջ հայությունն աջակից լինի արցախցուն` իր առջև ծառացած խնդիրը լուծելու համար: Ես այսօր եկել եմ զեկուցելու, որ շիրակցիները դա կատարում են պատվով: Վստահ եղեք, որ այսօրվա խաղաղությունն Արցախում տիրում է միայն ու միայն հայ զինվորի բազկի հզորության շնորհիվ: Բնավ պատահական չէ, որ մեր այսօրվա միջոցառումը, որ անցկացվում է առաջին անգամ, բերել ենք Շիրակի մարզ, որովհետև Շիրակն ամեն ժամանակներում էլ եղել է հայ ժողովրդի ոգին. Այստեղից են ձևավորվել բազմաթիվ լավագույն ավանդույթներ, և այստեղից պիտի ձևավորվի նաև այս ավանդույթը: Իհարկե, մենք չէինք կարող այս դահլիճում տեղավորել այն ծառայողներին, ովքեր Շիրակից են, բայց սա լինելու է շարունակական և մենք ակնկալում ենք այս դահլիճում ևս մեկ անգամ հանդիպել շիրացիներին”, – հանդիպման սկզբում նշեց նախարարը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ ելույթ ունենալով ծնողների և զինվորների հետ հանդիպմանը նկատեց. “Ես ցանկանում եմ, որ նման հանդիպումները լինեն հաճախակի, և մայրերի հետ զինվորների հանդիպումներում հոսեն միայն ուրախության արցունքներ: Արցախցիները միշտ պետք է զգան, որ շիրակցին իր հետ է և դա զգացել են 88-ից ի վեր: Պետք է հիշենք մի բան. Երբ աղետալի երկրաշարժը եղավ Գյումրիում, փլատակների տակից դուրս եկած մարդն առաջինը հարցնում էր` ի՞նչ եղավ Ղարաբաղի հարցը: Եվ վերջում, ուզում եմ մի բան ասել զինվորներին ու նրանց, ովքեր պատրաստվում են զինվոր դառնալ. տղերք, հիշեք, մի ժամանակ եղել է այսպիսի բան` բանակ չծառայած տղուն աղջիկ չեն տվել”:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են Շիրակի մարզի և հատկապես գյումրեցի զինվորներին միշտ ուղեգրում ծառայելու Արցախ ու առավելապես` սահմանային գիծ, ասաց. “Որովհետև Շիրակի մարզի զինվորներն ամենից լավն են ու ամենաուժեղն են: Ասեմ, որ բոլոր զինվորները, զորացրվելուց հետո, հպարտություն են ապրում, որ Արցախում են ծառայել”:
Պաշտպանության նախարարը խոսեց նաև սահմանում տիրող վիճակի ու հակառակորդի կողմի կատարած գործողությունների մասին. “Միշտ էլ գործել են, միշտ արժանի պատասխան ստացել են, հանգստացել են, նորից են արթնացել, էլի պատասխան ստացել… կարող եմ ասել, որ առաջնագծում այսօր իրավիճակը վերահսկելի է, հայ զինվորը պարտադրողի դերում է, և այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է”:
Իսկ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա է մոտեցրել սահմաններին և այլն, Մովսես Հակոբյանը նշեց, թե նման բան չկա:
Tags: Ֆելիքս Ցոլակյան