Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 3786 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 371 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 71-ն արդեն վիրահատվել են:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է 2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում առկա թերությունները սեփական միջոցներով վերացնելու գործընթացը: Մեկ կազմակերպություն արդեն իսկ վերացրել է ի հայտ եկած թերություններն ու ավարտել աշխատանքը: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքների իրականացման ուղղությամբ խիստ հսկողությունն ու աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող սանմաքրման և աղբահանության աշխատանքներին՝ քաղաքապետը պատասխանատու բոլոր օղակներին հանձնարարել է առավել խիստ և հետևողական լինել սանմաքրման ձեռնարկությունների կողմից աշխատանքների պատշաճ իրականցման նկատմամբ:
«Խստորեն հետևեք, որ աղբահանության աշխատանքները կազմակերպվեն ու իրականացվեն այնպես, ինչպես սահմանված կարգն է: Մասնավորապես, աղբ տեղափոխող մեքենաների դեպքում հստակ սահմանված է, որ դրանց թափքերը պետք է ծածկված լինեն, մինչդեռ այսօր հանդիպում ենք նաև դեպքերի, երբ տվյալ նորմը չպահպանելու պատճառով աղբավայր տեղափոխվող աղբի մի զգալի մասը հայտնվում է փողոցների երթևեկելի հատվածներում: Մեր համաքաղաքացիներից նաև դժգոհություններ ենք ստանում, որ աղբի տեղափոխման գործընթացը փնթի է կազմակերպվում, ինչի հետևանքով աղբատարների հարակից տարածքները միառժամանակ վերածվում են մինի աղբավայրերի: Նման անփութությունն անթույլատրելի է, ուստի ձեռնարկեք համապատասխան միջոցներ ու խստորեն հետևեք սահմանված նորմերի պահպանմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ դրանք վարչական բոլոր շրջաններում ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Զեկուցվել է նաև, որ կայացել է ոռոգման ցանցերի ընդլայնման համար հայտարարված մրցույթը: Արդյունքների ամփոփումից հետո կմեկնարկեն բուն աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ:
«Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կարգաբերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաև դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը:
Հանձնարարվել է նաև հայտնաբերել ու գույքագրել վարչական շրջաններում գտնվող և ոչ նպատակային նշանակությամբ տնօրինվող գույքերն և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:
Երևանի գլխավոր ճարտարապետն էլ զեկուցել է, որ գույքագրվել է նախկինում կառուցված 417 մասնավոր օբյեկտ, որոնց սեփականատերերը պարտավորություն են ստանձնել սեփական միջոցներով իրենց կառույցների մուտքերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի համար: Զեկուցողը նաև հավելել է, որ տվյալ օբյեկտներից 11-ն արդեն իսկ կառուցել են սահմանված չափորոշիչներով թեքահարթակները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում և դրանց իրականացման նկատմամբ տեղերում սահմանել խիստ հսկողություն:
Խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նշվել է, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից: Անդրադառնալով տնօրենի ազատման հարցին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Դպրոցում կարգուկանոնի և համապատասխան առողջ մթնոլորտի ապահովումը մեզ համար կարևոր է, և այդ հարցում մեր մոտեցումը հստակ է: Եթե ծնողների կողմից կան արդարացի դժգոհություններ, ընդ որում՝ երբ դրանք մի քանի անգամ են բարձրացվում, ապա պետք է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշվել է, որ խիստ նկատողություն է հայտարարվել նաև թիվ 37 դպրոցի տնօրենին՝ նախազգուշացմամբ, որ կրկնվելու դեպքում վերջինս կազատվի աշխատանքից:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ընդհուպ՝ տնօրեններին աշխատանքից ազատում:
Tags: Երևանի քաղաքապետարան, Տարոն Մարգարյան
