«Մենք երթ-ցույց անցկացրեցինք և նամակ հանձնեցինք ՀՀ նախագահին` ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, քանի որ նա 6 ամիս է` ապօրինաբար ազատազրկված է: Դրանից հետո այդ ակցիայի մասնակիցների հատկապես երևացող դեմքերին, նրանց, ովքեր ելույթներ էին ունեցել, սուր հարցազրույցներ էին տվել, թե´ Ուստիկանությունից, թե´ ԱԱԾ-ից սկսել են հետապնդել, վախեցնել, որ այլևս չմասնակցեն նման ակցիաների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
Նրա խոսքով` մարդկանց հետևելով, նախազգուշացնելով, նրանց տուն այցելելով` փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի իրենք հետ կանգնենք իրենց նպատակից, բայց իրենք պայքարել են և շարունակելու են պայքարել Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակման համար:
Ազատամարտիկներ Ստեփան Ստեփանյանի, Գևորգ Սարգսյանի և Յուրա Աթոյանի հավաստմամբ` հենց այդ ակցիայից հետո այցելել են իրենց տներ, հարազատներից հետաքրքրվել են իրենց գտնվելու վայրի մասին, գյուղապետը, համագյուղացիները զգուշացրել են, հորդորել են այլևս չմասնակցել հանրահավաքների:
«Մենք ուրիշ պահանջ առայժմ չունենք: Մեր պահանջը հստակ է` ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին»,- ասաց Գևորգ Սարգսյանը:
Tags: Ազատամարտիկներ, Վոլոդյա Ավետիսյան
