«Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»». Ալեքսանդր Մանասյան

g_imageՔաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չպետք է դեպքերի այս կամ այն ընթացքով պայմանավորել արցախյան հարցի լուծումը, մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները չպետք է որևէ դեպքում կապել Արցախի հարցի հետ։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով։

«Եթե հիշում եք, Կոսովոյի դեպքում մենք ոգևորության մեջ էինք, բայց Արևմուտքը հասկացրեց, որ Կոսովոն բացառիկ դեպք է։ Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ ուրիշի հետ հույսեր չպետք է կապել։

Ըստ քաղաքագետի՝ պետք է միշտ պատրաստ լինել ավելի վատ դեպքերի ընթացքի, քանի որ տարածաշրջանն այնքան բազմավեկտոր է, որ դժվար է ասել, թե վաղն ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Ինչ վերաբերում է Ղրիմի դեպքերին, ապա քաղաքագետի խոսքով, դրանք կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։

«Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 90-ականների միաբևեռ աշխարհն այլևս չկա»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ այն վճռականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։

Իսկ արևմտյան քաղաքակրթությունը Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։

«Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բևեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, այն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանն այս հարցում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում»,- ասաց քաղաքագետը։

 

Անկախ

Tags: , ,