«Գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև». Ա. Ենիգոմշյան

загруженноеԱյսօր «Նախախորհրդարանի» գրասենյակում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով կազմակերպված հանրային ներկայացում-քննարկման ժամանակ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ հայ ազգի գերագույն նպատակը մնում է համախմբումը պատմական հայրենիքում, հստակ է նաև մի բան. ցանկացած հարցի լուծում պահանջում է ներքին և արտաքին հանգամանքների առկայություն, ուժերի հավասարակշռություն, հանգրվանային լուծում:

Նրա խոսքով` հայ ժողովուրդը հասնելու է իր նպատակի իրականացմանը` հաշվի առնելով նաև տարածքում բնակվող ժողովուրդների շահերը:

«Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, հայ ժողովրդի առաջնահերթ պարտականությունն է մեր այսօրվա հայրենիքը դուրս բերել վտանգից, դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ ժողովուրդը օտարված չէ իր հայրենիքից, այսօրվա Հայաստանը հզորացնել, արդարություն, օրինականություն հաստատել: Այս ճանապարհին հայ ժողովուրդն իրավունք չունի կատարել քայլեր, որ կվնասեն նպատակի իրականացմանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ մերժելի է ցանկացած կեցվածք, երբ գերագույն նպատակի իրականացման ճանապարհին, կայացման, անվտանգության համար Հայաստանը պետք է զիջումների գնա:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով` այսօրվա Հայաստանի անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք, մենք այսօր իրավունք չունենք պարտվողական կամ հաշտվողական վերաբերմունք ցուցաբերել: Արցախ-Նախիջևանի խնդիրները, ըստ «Նախախորհրդարանի» անդամի, կազմում են մեկ ամբողջություն, դրանք իրավունքների խնդիրներ են, որոնցից զրկվելու պատճառը Ցեղասպանությունն է:

«Ցանկացած երկրի համար Սփյուռքի առկայությունը դրական հանգամանք է. այն տվյալ երկրում ազգերի շահերի պաշտպանության գրավական է, մշակույթի ներթափանցման հնարավորություն, սակայն դա դրական է միայն թվային օպտիմալ համամասնության պայմաններում, երբ ինչ-որ տոկոսից այն կողմ չի անցնում: Հայաստանն ու հայերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ խեղաթյուրված համամասնությունը փոխվի: Ուծացման վտանգ կա, ուստի այս ժողովրդագրական պատկերը պետք է փոխենք, բացի արտագաղթի բացասական հետևանքներից, նաև ծնելիության նվազում կա, որ ժողովրդագրական պատկերը վտանգում է»,- ասաց նա` նշելով, որ ներկայումս գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև:

 

Անկախ

Tags: , ,