Թուրքիայի «Ժողովրդական տներ» հասարակական կազմակերպությունը Ստամբուլի դատախազություն հայց է ներկայացրել վարչապետ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան ատելության ու թշնամության հրահրման մեջ: Էրդողանը մարտի 14-ին իր նախընտրական քարոզարշավներից մեկի ժամանակ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր գիտակցության չգալուց հետո մահացած 15-ամյա Բերքին Էլվանին անվանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ: Էրդողանը հայտարարել էր, որ ոստիկանները գործել են օրենքի շրջանակներում և չէին կարող իմանալ, թե տղան քանի տարեկան էր, քանի որ նրա երեսը ծածկված է եղել թաշկինակով:
Հիշեցնենք, որ երեխայի մահից հետո Թուրքիայի տասնայակ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր տեղի ունեցան Էրդողանի վարչակարգի դեմ: Բերքին Էլվանի թաղման արարողությանը մասնակցեցին հազարավոր մարդիկ: Ի պատասխան սրան` Էրդողանը հայտարարեց. «Մի՛ խաբվեք, այդ մարդիկ երեխային հրաժեշտ տալու համար չեն հավաքվել: Նրանց նպատակը մեր տնտեսությանը վնասելն ու հաշտեցման գործընթացը խոչընդոտելն է»:
Tags: «Գեզի» այգու ցույցեր, Էրդողան, թուրքիա, Ստամբուլ