«Գեղեցիկ չէ». Բալասանյանը հանձնարարել է լուծարել Ղուկասյաններին պատկանող զբոսայգին

unnamed (1)Այսօր կայացած Գյումրու ավագանու նիստում երկու հարց էր ընդգրկված՝ «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Քաղաքային  զբոսայգի» ՓԲԸ-ն լուծարելու մասին:
«Ինչպես գիտեք, մեր քաղաքի գերակա ուղղություններից է կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումը և ըստ նպատակային օգտագործումը: Ներկա դրությամբ զբոսայգիները շատ վատ վիճակում են գտնվում, և անհրաժեշտություն կա կանոնակարգելու օգտագործման առումով: Դրա համար նպատակահարմար ենք գտել ստեղծել նոր կազմակերպություն՝ համայնքային ենթակայության, «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ», որի վրա պարտականություն է դրվում վերականգնել մեր զբոսայգիները, պուրակները, հանրային օգտագործման կանաչ տարածքները, և միևնույն ժամանակ իրականացնել որոշակի գործունեություն: Վերահսկողություն սահմանել», – նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Հենրիկ Գասպարյանը:
Անցնելով հաջորդ հարցին` պաշտոնյան նշեց, որ ՓԲԸ-ի մասին քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չեն կարողացել հայտնաբերել՝ ոչ կանոնակարգ, ոչ ռեգիստրի վկայական. «Մենք հանդիպում ունեցանք նաև ռեգիստրի տարածքային բաժնում, որտեղ գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը զայրացավ, թե ինչպես կարող են նման երևույթներ կատարվել. «Շատ վատ է, լուծարային հանձնաժողով ստեղծեք, որպեսզի մենք կարողանանք պարզել` ինչ կա այդ այգում, համայնքն ինչ սեփականություն ունի, ինչ է արվել այնտեղ, այդ կարուսելներն ումն են և այլն: Մենք պետք է հասկանանք, ունենք տնտեսություն, զբոսայգի, որը 6 հա-ի վրա է, այդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Դուք էլ հին աշխատող եք, նոր ավագանի ու քաղաքապետ պիտի գար, որ այդ հարցին պարզաբանում տրվե՞ր: Ուղղակի գեղեցիկ չէ»:
Բալասանյանը նաև հավելել է, որ բնավ չի զարմանում պետռեգիստրում տվյալների բացակայությամբ, քանի որ քաղաքապետարանում ևս  2007-2008 թթ. արխիվը չկա:
Ավագանու մի քանի անդամներ ձեռնպահ մնացին լուծարային հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկմանը, սակայն ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց:
Հավելենք, որ քաղաքային զբոսայգին, որ առավել հայտնի է «Գորկայի այգի» անունով, նախկին քաղաքապետի օրոք հատկացվել էր նրա եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին՝ 99 տարի ժամկետով:

 

Անկախ 

Tags: , , ,