Գյումրու ավագանին հաստատեց 2013թ. քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ բյուջեի եկամուտների պլանը շատ մոտ է եղել 100 տոկոսանոց ցուցանիշին, մի բան, որ Գյումրիում երբեք չի եղել: «Բյուջեի եկամուտների պլանը կատարել ենք 99.1%-ով. կարելի է ասել՝ հանրապետությունում ամենափայլուն ցուցանիշն է: Փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 113 մլն 295.5 հազար դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջովին չենք կատարել, ունենք նույնիսկ տնտեսում, որի արդյունքում ունեցանք ազատ միջոց, որը տեղափոխել ենք 2014թ. բյուջե»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի կատարողականի առումով այս տարին ևս շատ լավ է սկսվել Գյումրիում. «Փայլուն արդյունք ունեցանք: Եռամսյակը լրանալուց նույնպես փայլուն արդյունք ենք ունենալու՝ 100 տոկոս կատարելու ենք, նույնիսկ գերակատարելու ենք: Այսպիսի նախադեմ Գյումրիում երբեք չի եղել»: Իսկ թե ինչու նախորդ տարվա բյուջեն ևս հարյուրտոկոսանոց կատարում չի ստացել՝ քաղաքապետը դա կապում է մի քանի խնդրի հետ. «Ավելի շատ կկատարեինք, եթե իհարկե կարողանայինք ավտոկայանատեղիների հետ կապված հարցը լուծել, այն հիմա դատական պրոցեսում է: Նաև՝ որոշ տրանսպորտային գծեր պետք է մուծումներ կատարեին՝ չկատարեցին»:
