«Ղրիմն իր խաղը խաղացել է». Ալ. Իսկանդարյան

Ալեքսանդր-ԻսկանդարյանԱկնհայտ է, որ Ղրիմը չի ցանկանում ենթարկվել Կիևին և քաղաքական հեռանկարում Ուկրաինայի կազմ չի վերադառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` Ղրիմն իր խաղը խաղացել է, այնտեղ ամեն ինչ ավարտվել է, իսկ թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը, քիչ թե շատ հայտնի է:

«Ուկրաինան թուլացել է, և Ռուսաստանը նրանից մի կտոր է ուզում: Չեմ կարծում, որ Արևելքը հեշտ կհամաձայնի սրան, հավանաբար առճակատումը կշարունակվի: Իսկ թե ի՞նչ կլինի հետագայում, ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը, շատ բարդ է ասել: Միայն ակնհայտ է, որ Ռուսաստանը տանուլ է տալիս ինֆորմացիոն արտաքին պատերազմում, մինչդեռ ներսում միայն շահում է: Այլ կերպ ասած՝ նրան ավելի կարևոր է, թե ինչ կմտածեն, ասենք, Տամբովում, քան աշխարհի այս կամ այն երկրում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ կոշտ պատժամիջոցների կիրառմանը` քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանի նկատմամաբ հնարավոր չէ կիրառել, ինչպես կիրառվում է աշխարհի շատ երկրների դեպքում, քանի որ խոսքը գերտերության մասին է: Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանություններին, ապա նրանք անկարող են ընդունել որոշումներ, որոնք կգործարկվեն երկրի ողջ տարածքում:

Անդրադառնալով Ղրիմի հարցում հայաստանյան իշխանությունների կեցվածքին՝ քաղաքագետը նշեց, որ հավասարակշռություն պահելն ամենաճիշտ տարբերակն է:
«Հայաստանը սպասում է. ինչո՞ւ կողմերից մեկին պաշտպանել. դա միայն կվնասի մեզ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ղրիմի հարցը լրջագույն խնդիր է, իսկ նրա համար խաղադրույքները՝ անասելի մեծ:

 

Անկախ

Tags: , , , ,