ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

18.03.2014Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման, ընթացիկ տարվա խնդիրների քննարկման, մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղի գյուղատնտեսության ոլորտի  ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը մարզխորհրդի նիստի ընթացքում էր, որտեղ նախարարը,  ամփուփումների և առաջիկա անելիքների մասին ունեցած իր ելույթից բացի, հանգամանորեն ծանոթացել է  նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով հնարավորինս օժանդակել վերջիններիս լուծմանը:

Նախարարը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անհանգստացնող  այն իրողության վրա, որ վարելահողերի նպատակային օգտագործման մարզային ցուցանիշն ամենացածրն է հանրապետությունում: «Եթե հանրապետությունում օգտագործվում է վարելահողերի 72 տոկոսից ավելին, ապա Վայոց ձորի մարզում  նույնքան է չօգտագործվող վարելահողերի տոկոսը: Անհրաժեշտ էլրջորեն մտածել կարևոր այս ցուցանիշի բարելավման և վիճակը կայունացնող քայլեր ձեռնարկելու մասին:Մանավանդ, որ առջևում գարնանացանն է, և ներկայումս ընթանում են հանրապետություն ներկրված բարձրորակ սերմացուների և պարարտանյութերի բաշխման աշխատանքները»,- հանձնարարել է  նա:

Անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացված մթերումների խնդրին` նախարարը նշել է, որ անցյալ տարի, հիմնականում պայմանագրային հիմունքներով աշխատելու շնորհիվ, որոշակի դրական առաջընթաց է ապահովվել ինչպես մթերումների, այնպես էլ դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացներում: Սակայն, այդ ոլորտում դեռևս թերություններ կան, որոնց լուծման ճանապարհներից մեկը նախարարը մարզում գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծումն է:

Հատկապես կարևորվել է խաղողագործական կոոպերատիվի ստեղծումն Աղավնաձոր համայնքում: « Առաջիկայում մարզպետի հետ մենք անդրադառնալու ենք այդ խնդրին»,- ասել է  Սերգո Կարապետյանը;

Անդրադարձ է եղել նաև պետական միջոցներով մարզում կառուցված սպանդանոցի կարևորությանը, որը շահագործման կհանձնվի առաջիկայում:

Այնուհետև  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը «Գյուղատնտեսության  նվաճումների»  ոսկե մեդալներով պարգևատրել է Ռինդ և Վերնաշեն համայնքների այգեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 10 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

 

Անկախ

Tags: , ,