Ալեքսանդր Արզումանյանը ընդունելի տարբերակ է համարում ՌԴ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը և ՄՄ կազմի մեջ մտնելը

Ալեքսանդր ԱրզումանյանՉի բացառվում, որ Հայաստանում կամ Ղարաբաղում գտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, Զորի Բալայանի հայտնի նամակի հիմնական շեշտադրումներով, Մերձդնեստրի օրինակով կարող են դիմել ռուսական իշխանություններին՝ միավորվելու պահանջով: Դա Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենավտանգավոր բանը կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ եթե ԼՂՀ բնակչությունը մոտ 70 տարի պայքարել է , որ փրկվի ադրբեջանական լծից, ապա դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից:

Հաշվի առնելով Ղրիմի նախադեպը, նաև Մերձդնեստրի` ՌԴ-ին միավորվելու հարցը, ինչպես նաև Զորի Բալայանի հայտնի նամակը, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի պարագայում կգտնվեն մարդիկ, ովքեր նման առաջարկով դիմեն Ռուսաստանին հարցին Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այդ մարդիկ արդեն գտնվել են, մեկին դուք արդեն մատնանշեցիք։ Կան, այսպես կոչված, գործիչներ, որոնց հայ անվանելն անհնար է, որոնք համարում  են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ ադրբեջանցիների դեմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որպես հայ ժողովրդի մի հատված պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի այդ լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից։ Շատ ավելի դժվար է լինելու այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, դրա համար սա շատ վտանգավոր է»: Նրա խոսքով՝ սա Հայաստանի ապագան վտանգող, անկախ կարգավիճակին սպառնացող գործողություն կարելի է համարել:

«Հո էդ մարդիկ օբյեկտ չե՞ն, որ մեկից վերցնես ու մյուսին տաս։ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, որ ստեղծի իր պետականությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ուժի և քաղաքացու պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղի ինքնիշխանությունը չխաթարվի:

«Եթե այդքան լավ բան է Մաքսային միությունը և, եթե այդքան Հայաստանի մասին մտածում են, ապա թող Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը և առաջարկի, որ Ղարաբաղը, որպես անկախ պետություն, Բելառուսի, Ղազախստանի հետ մտնի Մաքսային միության կազմի մեջ: Ես ինքս կարծում  եմ, որ դա լրիվ ընդունելի տարբերակ կարող է լինել, քանի որ այսօրվա զարգացումներով Ղարաբաղի և  Հայաստանի սահմանին լինելու է անցակետ, ինչը վտանգում է Ղարաբաղի ապագան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Tags: , , ,