Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են ՀԷԿ տանող ճանապարհները` հանդիպում պահանջելով փոխվարչապետի հետ

արմեն գևորգյանԱյսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող, Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ տանող ճանապարհները: Բնակիչների խոսքով` գյուղերում գործադուլ է հայտարարվել: Ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները: Բողոքի ակցիան այս անգամ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դեմ է, որովհետև նա այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները: Մարզպետը բողոքող գյուղացիներին ասաց, որ Արմեն Գևորգյանը պատրաստ է գալ հանդիպման, բայց որևէ դահլիճում կամ գրասենյակային պայմաններում, 20-30 մարդու հետ: Բողոքող բնակիչները ընդվզեցին, նրանք պնդում են, որ Արմեն Գևորգյանը գա ու հանդիպի բոլոր հավաքվածներին:

Գյուղացիներից մեկը նկատեց, որ ընտրության ժամանակ գալիս են հրապարակում են կանգնում, հիմա ուզում են առանձին հանդիպե՞լ: Ինչ տարբերություն որտեղ հանդիպի գյուղացիների հարցին՝ մարզպետը պատասխանեց. «Տարբերութունը մեծ է, դահլիճում նորմալ, բոլորս իրար լսելով` կխոսենք: Ինչքան մարդ էլ հավաքվի, նույն հարցն են տալու»:

Այս պահին մարզպետի և գյուղացիների բանակցությունները շարունակվում են, նրանք դեռևս որևէ ընդհանուր որոշման չեն եկել:

Հենց նոր ոստիկանները պահաջեցին բացել ճանապարհը` փոխվարչապետին ընդունելու համար:

Անկախ

Tags: , ,