«Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել». Վահան Պողոսյան

շտապօգնություն1ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել, ինչպես այժմ: Այսօր «Շտապ բուժօգնություն»-ը հագեցած է և´ մեքենաներով, և´ բուժտեխնիկայով, և´ դեղորայքով, իսկ աշխատակիցները հատուկ կրթություն են անցել: Ոլորտի կատարելագործման համար կատարվելիք հաջորդ աշխատանքը լինելու է ծառայությունը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելը:

Փոխնախարարի խոսքով՝ շտապօգնության ծառայության արդիականացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2010-ի հուլիսի որոշմամբ հաստատվել է «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագիրը», որի ավարտը նախատեսվում է 2014-ին:

«Արդյունքներն ակնառու են, ժողովուրդը սկսում է ավելի վստահել շտապօգնությանը: Երևանում շտապօգնության կանչերը 2013-ին 2012-ի համեմատ աճել են 23 հազարով: Աճի միտումը մասամբ բացատրվում է նաև առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսում են ավելի ճկուն դարձնել համակարգը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ նշեց, որ այս չորս տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հաշվին բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ ծրագրով ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ և հատկացվել են Կոտայքի, Արարատի, Արմավիրր, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի 6 բժշկական հաստատություններին:

«2011-ին Չինաստանի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա՝ հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաներից 53-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35-ը՝ Երևանին»,- ասաց Ռուզաննա Յուզբաշյանը՝հավելելով, որ չնայած այս ամենին, մեքենաներով բավարարվածությունը հատկապես մարզերում հեռու է ցանկալիից:

« «Շտապ օգնության» ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրով: 2013-ին մշակվել է շտապօգնության ծառայության կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17-ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում»,- ասաց բանախոսը:

 Անկախ

Tags: ,