Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։
Բնակիչների հետ այսօր հանդիպեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նախ փոխվարչապետը նշեց, որ հանդիպման այդ ձևաչափը ճիշտ չի համարում, քանի որ նրա կարծիքով, ճանապարհ փակելով՝ համայնքային և պետական հարց չի լուծվում: «Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում: Ուսումնասիրության արդյունքները մի քանի օրից կներկայացվի, և ես անձամբ կգամ ու կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև վերջնական որոշումը, ոչ մի աշխատանք չի կատարվի»,- բնակիչներին հավաստիացրեց Արմեն Գևորգյանը։
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի քանի տարի է, ինչ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվության կա, հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքներ: Դեռ չի հասել հանրային լսումների փուլը: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, և ջրային ռեսուրսները բավարարեն, այն կաշխատի, եթե ոչ՝ չի աշխատի:
Այն լուրը, որ կառավարությունը մի քանի տարի տեղյակ չի եղել, որ նման թույլտվություն կա, բնակիչներին ավելի վրդովեցրեց։ Նրանք պահանջեցին, որ փոխվարչապետը հստակ հայտարարի, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու։ Նրանք նաև ասացին, որ չեն հավատում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների ճշմարտացիությանը։
«Միայն մեր գերեզմանների վրա ՀԷԿ-ը կկառուցեք»,- ասացին բնակիչները` հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն անիմաստ են, և ավելի լավ է, դրանք դադարեցնել։
Փոխվարչապետը հերքեց նաև այն լուրերը, թե նոր կառուցվող ՀԷԿ-ը հենց իրեն է պատկանում: «Իմ անունը շատ տեղերում է շրջանառվում։ Ես չեմ ճանաչում ՀԷԿ-ի սեփականատիրոջը»։
Ի վերջո փոխվարչապետն ու բնակիչները համաձայնեցին հանդիպել մարտի 21-ին, որպեսզի փոխվարչապետը նրանց կտեղեկացնի կառավարական հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա կառավարության վերջնական որոշումը։ Բնակիչները փոխվարչապետին զգուշացրեցին, որ, եթե մարտի 21-ին հստակ չիմանան, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու մարտի 22-ին կգան մայրաքաղաք՝ մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։
Tags: Արագածոտնի մարզ, Արմեն Գևորգյան