Այս տարի բերդում 32 ամուսնություն ու 9 ամուսնալուծություն է գրանցվել

ամուսնություն2014 թվականի երեք ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գրանցվել է 32 ամուսնություն և 9 ամուսնալուծություն: Անցած տարի էլ գրանցվել է 4 ամուսնալուծություն և նույնքան՝  32 ամուսնություն:

Բերդի ՔԿԱԳ  տարածքային բաժնի ղեկավար Գրետա Դարբինյանի խոսքով, տավուշցի զույգերը միշտ չէ, որ նախընտրում են գրանցել իրենց պսակադրությունը: Շամշադինցի տղաները հիմնականում նախընտրում են համերկրացի հարսանացուների: Թեև վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, հեռավոր մովսեսցին հարս է բերում Հայաստանի հյուսիսից՝ Գյումրիից կամ բերդցի փեսան նախընտրում է թալինցի աղջկան:

«Ինտերնետի՝ սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ այս միտումն էլ մեծացավ, թեև հիմնականում տավուշցին տղաների 95 տոկոսը հարսնացուին ընտրելիս Տավուշից հեռու չեն գնում»,-նշեց Գրետա Դարբինյանը:

Ի դեպ, կնոջից բաժանվելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դուռը  թակում են հիմնականում տարիքով տղամարդիկ: «Այդ ինը ամուսնալուծվողներից 7-ը 50-60-անց են, ունցել ենք անգամ 1938 թվականին ծնված տղամարդ, որ դիմել է ամուսնալուծվելու հարցով,- ասաց Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը:-Հաշտ-համերաշխ բաժանվում են, առանց դատ ու դատաստանի, ես իհարկե, չեմ խորանում նրանց անձնական հարցերի մեջ, բայց կարծում եմ, որ նրանք ցանկանում են բաժանվել, մեկնել արտերկրում գտնվող երեխաների մոտ, թղթերն են տանում, որ այնտեղ բարձր թոշակի հարցերը կարգավորեն»:

Վերջին երեք ամիսներին Բերդի տարածաշրջանում գրանցվել է 50 ծնունդ, 98 մահ: Աղջիկների համար տարածված են Մանե, Նարե, Միլենա, Էլեն անունները:

«Մեր հայկական անունները՝ Հասմիկ, Գոհար, Վարդուհի,  ցավալի է, բայց այս անուններն այլևս արդիական չեն, իսկ տղաներիn  ավելի շատ կոչում են Արտյոմ, Էրիկ, Գոռ, Դավիթ: Վերջերս ծնվել է նաև Արես»,-տեղեկացրեց Գրետա Դարբինյանը:

 

 

 

Tags: , ,